15/04/2014 20:47
Այսօր աշխարհի մեծագույն առեղծված Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրն է
Վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ ու գրող Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին: Նա եղել է նաև գրող, մաթեմտիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար:
1466թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469–1478թթ. աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վեռոքիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն:
1495–1497թթ. Դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է:
1503թ. նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–1494թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր:
Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն գործերից են՝ «Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» (մոտ 1500–1507թթ.), «Հովհաննես Մկրտիչ» (մոտ 1513–1517թթ.), «Ջրհեղեղ» գծանկարաշարը (մոտ 1514–1516թթ.) և այլն:
Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ 1517թ. Ֆրանսուա Ա թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր-Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը:
Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները: