15/04/2014 12:43
Քաղաքագետ. Վարչապետը մենեջեր է, որը կիրառում է նախագահի ծրագիրը
Վարչապետը, ըստ էության, մենեջեր է, որը կիրառում է նախագահի ծրագիրը: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, նման դիտարկում արեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Երկրի վարչապետի և կառավարության փոփոխությունը, քաղաքագետի խոսքով, ուռճացվել է, քանի որ իրականում կառավարության լուրջ փոփոխություն չի լինելու. «Այս անգամ այնպիսի իրարանցում բարձրացվեց, կարծես թե, Տիգրան Սարգսյանը գնալու էր և նրանից հետո գալու էր մեկը, ում անցյալը բոլորովին անհայտ է ու անծանոթ»:
Եթե ժողովուրդը քաղաքական ակտիվություն չդրսևորեց, Լ. Շիրինյանի գնահատմամբ, եթե առկա խնդիրները լուծելու արմատական փոփոխությունների ծրագիր չներկայացվի, ոչինչ չի փոխվելու.
«Մեր քաղաքական կյանքի ողբերգությունն այն է, որ անկախ արհմիություններ չեն ձևավորվում: Հիմա պետք է սպասել, որ վարչապետն իր ծրագիրը ներկայացնի: Անշուշտ, լավ բաներ է ասելու, բայց պետք է սպասել և տեսնել, թե ինչ է լինելու»,- ասաց նա:
Եզրափակելով խոսքը` Լ. Շիրինյանն ասաց, որ նոր վարչապետը պետք է քաղաքական վստահության հարց լուծի և իշխանության նկատմամբ հավատը վերահաստատի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկրի վարչապետի պաշտոնում նշանակեց Հովիկ Աբրահամյանին: