15/04/2014 13:22
«Հովիկ Աբրահամյանն ունի կազմակերպչական ձիրք և լայն հնարավորություններ»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկազմի տեխնոկրատների, պրոֆեսիոնալների կառավարություն: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Հովիկ Աբրահամյանը, քաղաքագետի կարծիքով, ունի կազմակերպչական լավ ունակություն: Որպես ասածի հիմնավորում` քաղաքագետը հիշեց, որ Հ. Աբրահամյանը երկու անգամ ղեկավարել է ՀՀԿ նախընտրական շտաբը. «Այստեղից էլ հետևություն, որ նա կազմակերպչական լուրջ ձիրք ունի և նրա նշանակումը կարող է բերել կայունացման: Բացի այդ` Հովիկ Աբրահամյանը կունենա բավականին լայն հնարավորություններ և ազատություն` կոալիցիոն և ոչ կոալիցիոն շրջանակներում: Լինելով Ազգային ժողովի նախագահ` երևաց, որ նա, ունենալով տարբեր ուժերի հետ գաղափարախոսական ու քաղաքական խնդիրներ, գործնական ու անձնական լավ հարաբերություններ ուներ»:
Շարունակելով խոսքը` քաղաքագետն ասաց, որ Հայաստանի նախագահի համար նպատակը չէր, նշանակել այնպիսի վարչապետ, ով հասարակության շրջանում լավ է ընկալվում, այլ` այնպիսի վարչապետ, ով կարողանա աշխատել տարբեր քաղաքական ուժերի հետ, ավելի կոշտ քաղաքական միջոցներով իրագործել այն նպատակները, որոնք ուներ նախկին կառավարությունը:
«Քառյակի քաղաքական ուժերը դժվար թե երկարաժամկետ միասին գործեն: ԲՀԿ-ի համար այս կառավարությունն ավելի ընդունելի է, քան` նախկինը, իսկ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ քաղաքական առումով ավելի շատ նմանություն ունի, քան` մյուս ընդդիմադիր գործընկերների հետ»,- ասաց նա` կասկածելով, որ ՀՅԴ-ն ֆորմալ կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ:
Խոսելով Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին` քաղաքագետն ասաց, որ նրա ղեկավարած կառավարության հրաժարականը պայմանավորված էր երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակով:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնին, ապա Ս. Մինասյանը կարծում է ամենահավանական թեկնածուն ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարամազանովն է: