15/04/2014 10:50
Իսլամիստների պառակտումը ռազմավարական առավելություն տվեց Ասադին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ելույթ ունենալով Դամասկոսում հայտարարել է, որ երկրի ներսում տեղի ունեցող ռազմական հակամարտությունում ուժերի հավասարակշռությունը թեքվել է դեպի կառավարական ուժերի կողմը:
Սիրիայում արդեն 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմում ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 150.000 մարդ, իսկ միլիոնավոր սիրիացիները դարձել են փախստական:
Ասադին հավատարիմ կառավարական ուժերը շիական և իրանամետ Հզբոլահ լիբանանյան խմբավորման աջակցությամբ աստիճանաբար իրենց վերահսկողությունն են հաստատում կարևորագույն տրանսպորտային հանգույցների և քաղաքների նկատմամբ:
Կառավարական ուժերի հաջողություններին նպաստում է նաև այն հանգամանքը, որ բնակչության մեծամասնությունը՝ այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնությունները տեսել են այն դաժանությունները, որոնք իրականացվել են տարբեր ծայրահեղ իսլամիստական խմբավորումների կողմից, իսկ այդ ահասարսուռ տեսարանները ողողել են ողջ համացանցը:
Սիրիացիները իսլամիստական խմբավորումներին դիտում են ոչ թե որպես ազատարարներ, այլ որպես զավթիչներ, որոնք թալանում և ավիրում են Սիրիան: Այդ պարագայում բնակչության մեծամասնության համակրանքը թեքվում է դեպի գործող նախագահ Բաշար Ասադը:
Ասադը բացի ալևիական կլանը՝ զինվորական, քաղաքական և այլն, երկրից դուրս հենվում է իր կարևորագույն ռազմաքաղաքական դաշնակցի Իրանի աջակցության վրա, իսկ միջազգային հարթակներում և աշխարհաքաղաքական հարթությունում՝ Մոսկվայի և Պեկինի աջակցության վրա:
Ասադի կողմից հայտարարված կառավարական ուժերի հաջողությունները բացատրվում են նաև սիրիական հակամարտության մեջ ընդգրկված տարբեր իսլամիստական խմբավորումների (Իրաքի և Շամի իսլամական պետություն, Ան-Նուսրա ճակատ և այլն) միջև ծագած հակամարտություններով և անհամաձայնություններով, այսինքն, Ասադի դեմ միասնական ճակատը աստիճանաբար կազմաքանդվում է, իսկ իսլամիստների ուժերը՝ ջլատվում:
Աշխարհի ուժադրությունը այս պահին կենտրոնացած է Ուկրաինայի և Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վրա և Ասադը փորձում է օգտագործել այդ հանգամանքը երկրի ներսում արագ հաջողությունների հասնելու և միջազգային հանրությանը փաստի առաջ կանգնեցնելու համար:
Սակայն Սիրիայի հետ կապված գոյություն ունեն նաև այլ վտանգներ՝հատկապես այս պահին շարունակվող սիրիական քիմիական զենքի դուրս բերման հետ կապված: Սիրիան համաձայնվել է միջազգային միջնորդների միջոցով ազատվել իր քիմիական զենքից, իսկ դա նաև թուլացնում է այդ երկրի զինանոցում գտնվող զսպող մեխանիզմը:
Սիրիային քիմիական զենքից զրկելը կարող է գայթակղիչ հանգամանք հանդիսանալ հարևան երկրների՝ Թուրքիա, Իսրայել և այլն, Սիրիա ներխուժելու կամ այդ երկրին օդային հարվածներ հասցնելու համար՝առանց զգուշանալու պատասխան քիմիական հարվածից:
3 տարի շարունակ իսլամիստական խմբավորումների դեմ մարտնչող Ասադը աշխարհին ապացուցեց, որ նրան այդքան էլ հեշտ չէ տապալել, իսկ տապալելու դեպքում Սիրիան կվերածվի ծայրահեղ իսլամիստական խմբավորումների կարևորագույն կենտրոնատեղիի ողջ Մերձավոր Արևելքի համար, ինչը չի բխում ոչ Արևմուտքի, ոչ էլ ԱՄՆ-ի գլխավոր տարածաշրջանային դաշնակիցներ՝ Թուրքիայի և Իսրայելի շահերից: Ասադը դառնում է չարյաց փոքրագույնը՝ծայրահեղ իսլամիստների վայրագությունների և անկանխատեսելի պահվածքի ֆոնին:
Այսպիսով, սիրիական ճգնաժամը դեռևս հեռու է իր հանգուցալուծումից, սակայն ինչպես էլ ավարտվեն Սիրիայում ռազմական գործողությունները այդ երկիրը իր սոցիալ-տնտեսական զարգացման առումով դեռևս երկար տարիներ չի կարողանալու վերականգնել իր երբեմնի հզորությունը, իսկ Ասադի տապալումով այն կարող է վերածվել երկրորդ Իրաքի՝ մասնատվել էթնիկ-կրոնական սահմաններով: