16/04/2014 16:27
«Ալ-Կաիդայի» ճյուղավորումը սպառնում է ԱՄՆ-ին
Ապրիլի 16-ին ԶԼՄ-ներում մեծ աղմուկ է բարձրացրել «ալ-Կաիդայի» (ԱԿ) կողմից տարածված մի տեսանյութը, որտեղ կառույցի ճյուղավորումը հանդիսացող «ալ-Կաիդա-ն Արաբական թերակղզում» խմբավորումը (ԱԿԱԹ) Եմենում կազմակերպել է հարյուրավոր ջիհադականների հավաք : Այդ տեսանյութը մեկնաբանելու համար Aysor.am-ը դիմեց արաբագետ Սարգիս Գրիգորյանին:
Ըստ արաբագետի՝ այդ տեսանյութի պատճառով առաջացած աղմուկը տրամաբանական է: Խնդիրը կայանում է նրանում, որ ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկություն չեն ունեցել այդ հավաքի մասին, իսկ, ըստ տեսանյութի, Եմենում հավաքվել են հարյուրավոր ԱԿ-ի անդամներ, և առանցքային լիդերներ, օրինակ ԱԿԱԹ-ի առաջնորդ Նասր ալ-Ուայշին է, ով համարվում է Ուսամա բեն Լադենի մերձավորներից ու ժամանակակից ԱԿ-ի ղեկավար շրջանակի ազդեցիկ դեմքերից մեկը:
Ըստ Ս. Գրիգորյանի՝ սա ևս մեկ անգամ վկայում է, որ Արևմուտքի կողմից վարվող հակաահաբեկչական պայքարը չի փայլում արդյունավետությամբ, և ամերիկյան հատուկ ծառայությունները չեն վերահսկում իսլամական ծայրահեղ արմատական միտումները:
«Վերջին շրջանում Վաշինգթոնը հայտնվել է քննադատության կենտրոնում, որը հնչում է ինչպես արևմտյան հասարակական-քաղաքական զանազան շրջանակներից, այնպես էլ մուսուլմանական աշխարհից: Պատճառը ամերիկյան «Անօդաչու թռչող սարքերի» (ԱԹՍ) հրթիռակոծություններն են մուսուլմանական աշխարհի զանազան հատվածներում, այդ թվում Եմենում, որոնց զոհ է գնում նաև խաղաղ բնակչությունը: Նման կազմով հավաքի որպես թիրախ ԱԹՍ-ների միջոցով հրթիռակոծությունը կլիներ ճիշտ տեղին և ժամանակին, ինչը տեղի չունեցավ: Ավելին՝ տեսանյութում ջիհադականները կաշկանդված չեն և չեն վախենում նման հարձակումից:
ԱԿԱԹ-ի առաջնորդ Նասր ալ-Ուայշին հանդես է գալիս բաց դեմքով, ինչը չի կարելի ասել մյուս ջիհադականների մասին, կարծես, հիշեցնելով Արևմուտքին իր և իր կողմից ղեկավարվող կազմակերպության մասին, ավելացրեց արաբագետը՝ հավելելով, որ Նասր ալ-Ուայշին տեսանյութում զետեղված իր ելույթում հստակ իմաց է տալիս իր ծրագրերի մասին՝ հնչեցնելով հետևյալ միտքը՝ «Մենք պետք է ոչնչացնենք խաչը, իսկ խաչը կրողը Ամերիկան է»: Սա հստակ մեսիջ է՝ ուղղված ամերիկյան իշխանություններին, որ ԱԿԱԹ-ի կողմից ահաբեկչական բռնարարքներ են պլանավորված ԱՄՆ-ի դեմ, ինչը լրացուցիչ հաստատվում է տեսանյութում հանդիպող փակ դեմքերով ջիհադականների առկայությամբ, իսկ ԱԿԱԹ-ը ԱԿ-ի ճյուղավորումների շարքում առանձնանում է ժամանակակից ջիհադական պայքարում իր ակտիվ ներգրավվածությամբ, որը նկատվում է ինչպես ջիհադական գաղափարները տարածելու տեղեկատվական-զանգվածային քաչոզչության, այնպես էլ իր կողմից հեղինակած ռազմական գործողություններում»,- եզրափակեց Սարգիս Գրիգորյանը: