16/04/2014 14:42
Գյուղապետ. Արսեն Խոջոյանն ասում է՝ իրեն Ադրբեջանում ամեն օր ծեծել են
Ադրբեջանական գերությունից վերջերս Հայաստան վերադարձած Արսեն Խոջոյանը հիմնականում տան գործերով է զբաղվում:
«Առողջական առումով դեռևս թույլ է ու աշխատել չի կարող»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արսենի հարազատ Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը.
«Ինքը մեզ պատմեց, որ իրեն ամեն օր էլ ծեծել են այնտեղ, ուղղակի, սկզբում չգիտեմ ինչի դրա մասին լռել է: Ուզում էին իմանալ ով ա, որտեղից ու դրա համար ծեծում էին: Ես իր խոսքերն եմ ասում ու այլ ինֆորմացիա տալ չեմ կարող»,- ասաց Կամո Չոբանյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանից վերադարձված մյուս գերի՝ 77-ամյա Մամիկոն Խոջոյանին, ով նույնպես Վերին Կարմիրաղբյուրից է, գյուղապետն ասաց.
«Մամիկոնն արդեն անկողնային հիվանդ է դարձել, ոչ վեր է կենում, ոչ էլ: Մոտն անընդհատ գյուղի բուժքույրերն են գնում, դեղեր են ներարկում, հետևում են վիճակին»,- ասաց Կամո Չոբանյանը:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանն Ադրբեջանում էր հայտնվել այս տարվա հունվարի 28-ին ու վերադարձվել էր Հայաստան մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում:
Իսկ Արսեն Խոջոյանն Ադրբեջանի տարածքում էր հայտնվել մարտի 7-ին ու վերադարձվել՝ ապրիլի 10-ին:
Նախորդող հրապարակումներ՝ Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում տանջել են. Նա ունի հրազենային վնասվածք
Արսեն Խոջոյան. Ընենց տեղեր էր, որ չէի եղել, տարածքը շփոթել էի