16/04/2014 10:01
ՕԵԿ-ը փորձում է հնարավորինս շատ նախարարի պորտֆել «պոկել»
«Ժողովուրդը» երեկ տեղեկացրել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր կայանալիք քաղխորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացնելու և կհայտարարի, որ հրաժարվում է մաս կազմել իշխող կոալիցիային: Այդպես ՕԵԿ-ականները մտածում են, որ հնարավոր է ինքնամաքրվել: Երեկ «Ժողովուրդին» լուրեր են հասել, որ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է իր իրերը հավաքել աշխատասենյակից: Իսկ թե ՕԵԿ-ից քանիսը նրա հետ կգնան ընդդիմադիր ճամբար, դժվար է ասել: Թերթի տեղեկություններով՝ շատ պաշտոնյաներ կլքեն ՕԵԿ-ը: Սակայն ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարել է, թե իրենց չեն կարող մեղադրել գանձագողության մեջ:
«Այսպիսով՝ ՕԵԿ-ը 6 տարի շարունակ օգտվելով իշխանական կերակրատաշտից, հիմա փորձում է խուսափել պատասխանատվությունից: Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ ճանապարհով է հարստացել Արթուր Բաղդասարյանը՝ 6 տարվա ընթացքում՝ դառնալով ՀՀ ամենահարուստ պաշտոնյաներից մեկը: Թեև չի բացառվում, որ այս հայտարարություններով ՕԵԿ-ը փորձում է շանտաժ անել և հնարավորինս շատ պորտֆելներ պոկել ՀՀԿ-ից»,- մեկնաբանել է թերթը: