16/04/2014 15:06
Ա. Մանուչարյան. ՀՀԿ-ն դեպորտացիայի հիմնական գործիքն է
Հայաստանում ստեղծված են անտանելի պայմաններ, երբ ժողովուրդը դեպորտացիա է լինում և դրա հիմնական գործիքը ՀՀԿ-ն է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Այս ամենին, Ա. Մանուչարյանի խոսքով, վերջ պետք է տա հայ ժողովուրդը, որովհետև. «Թողնել` կառավարեն նրանք, ովքեր մեզ ոչնչացնում են, անթույլատրելի է»:
Ա. Մանուչարյանը խոսեց նաև վարչապետի փոփոխության մասին` նշելով, որ այդ փոփոխությունը ոչ կբարձրացնի կառավարության հանդեպ ժողովրդի վստահությունը, ոչ էլ որևէ փոփոխության կհանգեցնի երկրում:
«Կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ վարկածներ՝ սկսած նրանից, որ վաճառքի են հանված Հայաստանի կարևորագույն պաշտոնները, այս կամ այն քաղաքական գիծն են անցկացնում և կատարում նմանատիպ քայլեր, նմանատիպ նշանակումներ:
Արտաքին ուժերը քաղաքական գործընթացներ են անցկացնում ու դրա շրջանակում կատարվում են այս կամ այն քայլերը»,- ասաց Ա. Մանուչարյանը:
Խոսելով ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին` Ա. Մանուչարյանն ասաց, որ առայժմ միայն ՀԱԿ-ն է բացահայտ հայտարարել, որ չի համագործակցի դեպորտացիա իրականացնող քաղաքական ուժի հետ, իսկ նրանք, ովքեր կհամագործակցեն, հանցակից կդառնան: