16/04/2014 13:20
Աշոտ Սուքիասյանին 7 օրից կարտահանձնեն Հայաստան, եթե նա չմտափոխվի
ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական պատասխան է ստացել, որ Աշոտ Սուքիասյանը կարտահանձնվի Հայաստան, եթե 7 օրվա ընթացքում նա այլ միջնորդություն չներկայացնի: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական վարչության պետ Շահեն Տոնոյանը:
«Կարգը այդպիսին է, եթե նա այս ընթացքում միջնորդություն չներկայացնի, ապա նրան կարտահանձնեն Հայաստան»,-ասաց նա:
Շ. Տոնոյանը նաև հաստատեց, որ Կիպրոսի դատախազությունը ուղարկել է իրենց հարցման ի պատասխան գործին առնչվող տեղեկատվություն, սակայն, նախաքննության գաղտնիությունից ելնելով, նա չնշեց, թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում գործարար Փայլակ Հայրապետյանը ասել էր, որ իրեն դեռևս հստակ որևէ բան հայտնի չէ, սակայն այս լուրի` իրական լինելու դեպքում, դա իրեն կուրախացնի:
«Վարչապետն էլ թողեց գնաց, հիմա կուզենա, կգա հարցաքննության, կուզենա՝ չի գա: Նստած մտածում եմ՝ ես հայրենիքիս համար ինչ արեցի, որ 10 հազար աշխատատեղ ստեղծվի, բայց ինչ արդյունք ստացա»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ Ինտրեպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերել և ձերբակալել է Աշոտ Սուքիասյանին:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն:
Նախորդող հրապարակում՝ Փայլակ Հայրապետյան. Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը ինձ կուրախացնի