16/04/2014 14:50
Այսօր Չարլզ Չապլինի ծննդյան օրն է
Այսօր ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան, բուֆֆոնադայի (խիստ ծաղրաշարժ ներկայացում) մեծ վարպետ Չարլզ Չապլինի ծննդյան օրն է: Նա կինոարվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից է, ողբերգակատակերգության հիմնադիրը կինոյում: Նրան անվանել են Ծիծաղի արքա:
Չարլի Չապլինը ծնվել է 1889թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել: Կորցնելով ձայնը` նա սկսել է խմել և մահացել է 1894 թվականին: Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել:
Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը: 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել` օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանել իր ծանոթներից մեկի թատերական խմբավարի մոտ: 1912թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում:
Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ: Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921թ. նկարահանված «Փոքրիկը», 1925թ.` «Ոսկու տենդ», 1928թ.՝ «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը:
Չապլինի 3 ֆիլմերը տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», «Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերում՝ գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը:
Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927թ. կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը:
Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը: