16/04/2014 11:00
Իրաքում փակել են «Աբու Գրեյբ» բանտը
Իրաքի արդարադատության նախարար Հասան Ալ-Շամարին հայտարարել է տխրահռչակ «Աբու Գրեյբ» բանտի փակման մասին: Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ բանտը գտնվում է անհանգիստ վայրում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Assiociated Press-ին, ապրիլի 15-ին 2.4 հազար բանտարկյալ տեղափոխվել է ավելի անվտանգ վայրեր, որտեղ շարունակելու են կրել իրենց պատիժը:
Բանն այն է, որ բանտը տեղակայված է Իրաքի Անբար նահանգի մոտ, որը վերջին մի քանի ամիսներին կառավարական զորքերի և սուննիական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման համար մարտադաշտի է վերածվել: 2013 թվականի հուլիսին խմբավորման անդամները հարձակվել էին «Աբու Գրեյբի» և մեկ այլ բանտի վրա` ազատ արձակելով հարյուրավոր բանտարկյալների, այդ թվում և զինյալների: Հարձակման ժամանակ զոհվել էին մեծ թվով մարդիկ` հիմնականում բանտի անձնակազմից և բանտարկյալներից:
«Աբու Գրեյբը» վատ համբավ ուներ դեռ Սադամ Հուսեյնի ժամանակներից` հազարավոր մարդկանց մահապատժի ենթարկելու պատճառով: Սակայն ԱՄՆ ներխուժումից հետո բանտի անվան շուրջ նոր սկանդալ ավելացավ: 2004 թվականին փաստեր հրապարակվեցին այն մասին, որ ամերիկացի զինվորականները բռնությունների և խոշտանգումների են ենթարկել բանտարկյալներին: