16/04/2014 12:35
Թուրքագետ. Մենք տանուլ ենք տալիս քարոզչական պատերազմը
Հիմա քարոզչական պատերազմի շրջան է և մենք այն տանուլ ենք տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Կարեն Սիրունյանը՝ բացատրելով՝ մենք չենք զբաղվում քարոզչությամբ, չենք տպագրում և թարգմանում գրականություն, վավերագրություն և չենք տարածում այն.
«Ես Շեքսպիր սիրում եմ, հետևաբար՝ չեմ կարող չսիրել նրա հայրենիքը՝ Անգլիան, ես Ալ Պաչինոյին սիրում եմ, հետևաբար՝ ամերիկյան մշակույթն էլ եմ սիրում… Մենք պետք է Չարենց, Սևակ և այլ հեղինակներ թարգմանենք, տարածենք, որ մեր մշակույթը տարածվի ու մենք հենց դրանով ճանաչելի լինենք»,- ասաց թուրքագետն՝ ընդգծելով, որ ի տարբերություն մեզ՝ Թուրքիան այսօր շատ լավ է աշխատում քարոզչության ոլորտում:
«Այսօր, ցավոք, երբ խոսում ես արտասահմանից ինչ-որ մեկի հետ, դեռ ոչինչ չասած նա քեզ ասում է՝ «ես արդեն գիտեմ ինչ պետք է ասես ինձ՝ դուք առաջինն եք քրիստոնեությունն ընդունել և ձեզ ցեղասպանել են, գիտենք, գիտենք…»: Դա ցավալի է, քանի որ մենք աշխարհին ներկայանալու շատ այլ ճանապարհներ ունենք»,- ասաց թուրքագետը: