16/04/2014 16:10
Նաիրա Զոհրաբյան. Եթե ակնկալում են, որ խառակիրի անեմ, ես դրան պատրաստ չեմ
Բացի ՀՅԴ-ից՝ քառյակի քննարկումներից ոչ ոք իրավունք չունի խոսելու: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով պատճառաբանեց, որ 4 ոչ իշխանական ուժերի մեջ կա նախնական պայմանավորվածություն, ուստի բացի Արմեն Ռուստամյանից ոչ ոք իրավասու չէ լրագրողներին մեկնաբանություններ տալ: «Հյուրընկալող կողմը Դաշնակցությունն էր և խոսելու իրավունք ունի միայն Արմեն Ռուստամյանը»,- ասաց նա:
Անդրադառնալով ԲՀԿ-ի շուրջ ծավալվող խոսակցություններին՝ հանդիպումներ, հրաժարականներ, քննարկումներ, և իհարկե կոալիցիա՝ Ն. Զոհրաբյանը նշեց, որ բոլոր քննարկումները փակ են, իսկ մյուս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Դավիթ Քոչարյանը կուսակցությունից դուրս չի եկել: Նա ԱԺ նախագահին ներկայացրել է պատգամավորության մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում: Եթե ԲՀԿ-ից դուրս է եկել՝ թող ուղարկեն մենք էլ տեսնենք այդ դիմումը: Ամեն օր, օրը մի սխալ տեղեկատվություն հերքում եմ, բայց էլի ասում են, թե ԲՀԿ-ն լավ չի հերքում»,- վրդովվեց նա՝ շարունակելով, որ ԲՀԿ-ի կազմը փոփոխության չի ենթարկվել, իսկ ԲՀԿ շարքերը ոչ ոք չի պատրաստվում լքել:
«Բոլոր փոփոխություններն էլ նորմալ երևույթ են: Ցանկացած կուսակցություն առողջ օրգանիզմ է և ցանկացած փոփոխություն նորմալ է համարվում: Համենայն դեպս այս պահին որևէ փոփոխություն, անգամ` այդպիսի ակնկալիք չկա: Ինչ վերաբերում է կոալիցիա մտնելուն՝ ապա հոգնել եմ այդ հարցին պատասխանելուց: Իմ բոլոր հերքումներից հետո նորից ասում են, թե լավ չի հերքել: Դրանց ի պատասխան ասում եմ. եթե որևէ մեկն ակնկալում է, որ պետք է խառակիրի անեմ, ես դրան պատրաստ չեմ: ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու, պորտֆել չի վերցնելու: Եթե սա լավ հերքում չէ, ես չգիտեմ, թե էլ ինչպես հերքեմ»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Քառյակը որոշել է փոփոխություններ կատարել կուտակայինի օրենքում. Ռուստամյան