16/04/2014 11:39
Ռուսաստանն ու Վրաստանը կրկին կփորձեն մեղմել լարվածությունը
Ռուսաստանն ու Վրաստանը կրկին կփորձեն մեղմել լարվածությունը: Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ արտգործնախարար Գ. Կարասինի միջև Պրահայում կայանալիք հանդիպմանը կողմերը կփորձեն հարթել վերջին շրջանում առաջացած որոշակի լարվածությունը:
Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին զուգընթաց վերջին երկու տարիներին վրաց-ռուսական հարաբերությունների վերականգնման գործընթացը կարծես դադար ապրեց, քանի որ «Ուկրաինայի դեմ պաշտոնական Մոսկվայի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականությանն» ուղղված վրացական իշխանությունների քննադատություններն իրենց բացասական հետքը թողեցին մինչ այդ արձանագրված առաջընթացի վրա: Եվ այս փուլում Կարասինն ու Աբաշիձեն կաշխատեն նախ հաղթահարել ստեղծված խոչընդոտները, և ապա նորից սկսել զարգացնել երկու տարի առաջ սկսված հարաբերությունների բարելավման գործընթացը: Եվ թեև անցած երկու տարիներին զգալի տեղաշարժեր չկային այդ ուղղությամբ, այդուհանդերձ կողմերին հաջողվել էր մի քանի հանդիպում կազմակերպել և մի շարք խնդիրներ լուծել, այդ թվում՝ առևտրային, մշակութային, օդային հաղորդակցության ոլորտներում, մուտքի վիզայի տրամադրման հարցում, իսկ հիմնական խոչընդոտն, իհարկե, Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրն է:
Միևնույն ժամանակ վերջին շրջանում հաճախակիացել են արևմտյան մի շարք պաշտոնյաների այցերը Թբիլիսի, ապա վերջիններիս կողմից արված հայտարարություններն առ այն, որ Վրաստանը կարող է մինչև հունիս ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը, ինչն, ըստ էության, չի բխում Ռուսաստանի շահերից: Ուստի, այս համատեքստում, Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները հերթական հանդիպմանը կքննարկվեն առավելապես քաղաքական բնույթի հարցեր:
Թեև ներկայում տարածաշրջանում ընթացող զարգացումներին զուգընթաց շատ դժվար է լինելու վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման գործընթացում դրական փոփոխությունններ ապահովել, այդուհանդերձ կողմերը ջանքեր կգործադրեն ձեռքբերածը պահպանելու ուղղությամբ՝ փորձելով հիմքեր ստեղծել նոր շրջափուլի համար: