18/04/2014 18:46
«Ոլիսն» ու «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի արտոնագիր չստացան
ՀՖՖ գրասենյակում այսօր կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության են դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» և «Արարատ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար:
Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու 2014/2015 թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
Նիստի ընթացքում քննության են դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել են համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվել են նիստի ընթացքում արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հիմնվելով դրանց վրա` արտոնագրման կոմիտեն կայացրել է որոշում, ըստ որի «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր են շնորհվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» և «Արարատ» թեկնածու 6 ակումբներին: