19/04/2014 09:41
Արծվիկ Մինասյան. Այս ամիս տուգանքի չեն կարող ենթարկել
«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը՝ սեղմ ժամկետում կուտակային կենսաթոշակների հետ կապված տույժերի հաշվարկի կասեցման մասին օրինագիծ մշակելու վերաբերյալ, դրական քայլ է, նաև նոր վարչապետի առաջին քայլերից է, ինչը ևս դրական է»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով վարչապետի հանձնարարականին նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև ՍԴ որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը ԱԺ-ի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Մինասյանը նշել է, սակայն, որ անհրաժեշտ է մի քանի լրացուցիչ գործողություններ ևս ձեռնարկել, մասնավորապես փակել էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ինքնաշխատ եղանակով աշխատող պատուհանը: Ըստ նրա՝ սա նվազագույնն է, որ ակնկալվում էր այս փուլում:
Դիտարկմանը, որ ինչքան էլ սեղմ ժամկետում օրինագիծը մշակվի ու հաստատվի, ապրիլի 20-ը հաշվետվությունների ներկայացման վերջին ժամկետն է և գոնե այս ամիս տույժերից խուսափել չի հաջողվի, Ա.Մինասյանը պատասխանել է, որ չեն կարող այս ամիս տուգանքի ենթարկվել նախ այն պատճառով, որ ապրիլի 2-ին է ՍԴ-ն որոշումը հրապարակել, իսկ դրանից առաջ չկատարումների, չփոխանցումների համար որևէ մեկն իրավունք չունի տուգանքի ենթարկել (գործում էր ՍԴ որոշումը): «Երկրորդ՝ ապրիլի 2-ին հրապարակված որոշման կատարումը տուգանքների տեսքով կարող է տեղի ունենալ միայն մայիս ամսվա աշխատավարձերի հաշվարկման ժամանակ»: