19/04/2014 12:02
Ռուսաստանը լուրջ ռազմական արտադրություն Ադրբեջան չի տեղափոխի. Կարծիքներ
Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարարի օգնական Ազադ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությամբ՝ ընդգծելով, որ ներկայումս այդ համագործակցության առումով, Ռուսաստանն Ադրբեջանի առաջին գործընկերն է, որին հաջորդում են Թուրքիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է մեծ հնչեղություն հաղորդել ՌԴ-ից սպառազինության ներկրումների ու առհասարակ, ռազմական համագործակցության թեմային:
«Այս առումով, Հայաստան-Ռուսաստան և Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունը տարբեր հարթություններում են, և եթե Ադրբեջանի հետ համագործակցության հիմքում ՌԴ-ի համար բիզնես շահերն են, ապա Հայաստանի հետ համագործակցության հիմքում դաշնակցային, ընդհանուր հետաքրքրություն ունեցող անվտանգության շահերն են»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն, իրականում, խնդիրներ ունի ինտեգրացիոն գործընթացներում` մի կողմից ՌԴ-ի, մյուս կողմից` ԵՄ-ի հետ՝ անորոշ դիրքորոշում արտահայտելու պատճառով, ու նա փորձում է այդ անորոշությունը ցրել ԵՄ-ի հետ նավթագազային գործարքով, ՌԴ-ի հետ՝ սպառազինության գնումներով, ինչը երկու դեպքում էլ բիզնես առումով շահավետ է:
«Դա Ադրբեջանի միակ հույսն է` դուրս գալու քաղաքական մեկուսացումից»,- հավելեց նա:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն անդրադառնալով ադրբեջանում ռազմաարդյունաբերական հիմնարկների համատեղ շահագործման վերաբերյալ Ադրբեջանի ու Ռուսաստանի մտադրությանը, նշեց, որ ամեն դեպքում, դա Հայաստանի համար չի կարող վտանգավոր չլինել:
«Մի կողմից հասկանալի է, որ Ադրբեջանը ՌԴ-ի համար հետաքրքիր է և որպես զենքի մատակարարման շուկա և որպես էժան աշխատուժ ունեցող երկիր, սակայն մյուս կողմից, թեկուզև մեկ փամփուշտի ավելացումն Ադրբեջանում մեզ համար անցանկալի է»,- ասաց վերջինս:
Միևնույն ժամանակ, ռազմական փորձագետը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը փորձելու է գործարկել այն գործարանները, որոնք ԽՍՀՄ տարիների rազմաարդյունաբերական հիմնարկների կարգավիճակ են ունեցել:
«Չեմ կարծում, թե Ռուսաստանն Ադրբեջանում լուրջ ռազմաարդյունաբերական ենթակառուցվածք կստեղծի կամ լուրջ տեխնիկայի արտադրությունը կտեղափոխի այդ երկիր: Հավանական է, որ այնտեղ հիմնվող գործարանները կա՛մ կզբաղվեն տեխնիկայի մոդեռնիզացմամբ, կա՛մ կարտադրեն, օրինակ, փամփուշտներ կամ առավելագույնը հրազենային զենքեր»,- ասաց նա: