19/04/2014 13:00
Տ. Լոքմագյոզյան. Պետության ծրագրերը ավելի շատ նման են պարտականության
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ պետության կողմից իրականացվող ծրագրերը ավելի շատ նման են պարտականության, և դրա անվան տակ ավելի շատ բյուջեից գումարներ են կորզվում: Lրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ակօս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը:
«Իրականում Թուրքիան ավելի բարձր կարծիք ունի հայերի մասին և ավելի լրջորեն է պատրաստվում: Մենք կազմակերպված լինելու խնդիր ունենք»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այսօր կան կառույցներ, որոնք իրականցնում են տարբեր աշխատանքներ, սակայն չկա որևէ կառույց, որը համակարգի այդ ամենը:
«Ցեղասպանության թանգարանը, Երևանի պետական համալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան. սրանք բոլորն էլ այս ուղղությամբ աշխատանքներ տանում են, բայց նրանց կոորդինացնող մի կառույց չկա: Պետությունը հստակ ռազմավարություն չունի: Պետական այրերն այսօր հստակ պատկերացում ու քաղաքականություն չունեն Ցեղասպանության հարցի հետ կապված: Երեք նախագահ ենք ունեցել, երեքն էլ տարբեր դիրքորոշում են հայտնել Ցեղասպանության հարցի շուրջ, իսկ թուրքերը հակառակը՝ ամեն ինչ անում են»,- ասաց նա:
Լոքմագյոզյանը ըանդգծեց, որ աշխարհում կան օտար արխիվներ, որոնք դեռևս ուսումնասիրված չեն, և որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել. «Հնարավոր է արժեքավոր փաստեր գտնվեն: Մենք մեր ազգային արխիվն անգամ ամբողջությամբ չենք ուսումնասիրել, միայն վերջերս որոշ ուսումնասիրությունների մասին գրքեր հրատարակվեցին, բայց դա շատ քիչ է»,- ասաց նա՝ նշելով, որ համապատասխան մասնագետների պակասը գնալով ավելի է նկատելի դառնում:
Ասուլիսի մեկ այլ բանախոս «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Հայոց ցեղասպանություն հարցը պետք է բարձրացվի միջազգային քրեական դատարաններում, որի համար անհրաժեշտ է նաև Սփյուռքի աջակցությունն ու միջազգային հանրության օգնությունը: «Մենք կոչ ենք անում ունենալ սեղանին նոր հայեցակարգային մոտեցումներ, և դրանցից մեկը իրավական խողովակներով առաջ շարժվելն է: Քաղաքական ճանապարհով պետություններին կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ խնդրին լուծում չի բերում, քանի որ ցանկացած երկիր առաջնորդվում է սեփական երկրի շահերից: Ցանկացած հանցագործություն իր պատիժը ստանում է դատարանում»,- ասաց նա: