21/04/2014 15:25
Հովիկ Աբրահամյանին պետք է աշխատելու հնարավորություն տալ. Ա. Սարգսյան
Նոր ձևավորվելիք կառավարությունը, եթե ուզում է փոփոխություն մտցնել երկրի ներքաղաքական կյանքում, ապա առաջին հերթին պետք է հաշվետվությամբ հանդես գա` ներկայացնելով, թե ի՞նչ է արել նախորդ կառավարությունը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Եթե քաղաքական կուրսը չի փոխվելու, այդ դեպքում, Ա. Սարգսյանի խոսքով, հասկանալի է, որ որևէ էական փոփոխություն պետք չէ սպասել:
ՀԴԿ նախագահը կարծում է, որ կառավարության թիվ մեկ խնդիրն է երկրում պահել երիտասարդներին, նրանց համար պետք է նորմալ աշխատավարձով աշխատատեղեր ստեղծվեն. «Եթե այս խնդիրը չլուծվի, մենք միանշանակ այդ ֆրոնտում տանուլ ենք տալու, քանի որ Ալիևը առավոտը արթնանում է, գիշերը քնում` երազելով, թե երբ է իրականացնելու այն ավանտյուրան, որն արդեն իսկ նախապատրաստել էր վրաց-ռուսական պատերազմի ժամանակ: Ուրեմն մեր Կառավարության այսօրվա գլխավոր խնդիրն է պահպանել ներքին կայունությունը»:
Հովիկ Աբրահամյանի ձևավորած նոր կառավարությունը, շարունակեց խոսքը Ա. Սարգսյանը, պետք է ամեն ինչ անի, որպեսզի դուր գա ժողովրդին:
«Երկրորդ խնդիրը պետք է լինի այն, որ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը երես թեքեցին ՀՀԿ-ից, և որքան էլ ՀՀԿ-ն փորձի այս պահին որոշումներ կայացնել, դրանք չեն ընդունվելու հասարակության կողմից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Դեմ եմ» նախաձեռնության ակցիայի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, ապա Ա.Սարգսյանն ասաց, որ շատ լավ է` վարչապետը փորձում է ժողովրդին դուր գալ, բայց. «Հարց է, թե նա կկարողանա՞ այդ լծի տակից դուրս գալ»,- ասաց Ա. Սարգսյանը` հավելելով, որ Հովիկ Աբրահամյանին պետք է աշխատելու հնարավորություն տալ: