21/04/2014 17:55
Մասնագետ. Այս տարվանից պատվաստելու են պնևմակոկային վարակի դեմ
2014 թ-ի սեպտեմբերից մինչև մեկ տարեկան երեխաներին պատվաստելու են պնևմակոկային վարակի դեմ: Aysor.am-ի հետ զրույցում Իմունիզացիայի կանխարգելման ազգային կենտրոնի համակարգող Գայանե Սահակյանը վստահեցրեց, որ անհրաժեշտ է մինչև մեկ տարեկան երեխաներին պատվաստել պնևմակոկային վարակի դեմ, հակառակ պարագայում՝ ուշ կլինի:
Հարցին, թե արդյոք մանկահասակ երեխաների օրգանիզիմի վրա բեռ չի լինի ևս մեկ պատվաստումը, մասնագետը պատասխանեց, որ մեծ բեռ չէ մինչև մեկ տարեկան երեխաների համար, քանի որ երեխան, լինելով արտաքին միջավայրում, այսպես, թե այնպես շփվում է արատքին աշխարհի հետ, նաև՝ տարբեր վարակների, և որքան շուտ պատվաստվի, այնքան ավելի պաշտպանված կլինի:
Ըստ Գ. Սահակյանի, թոքաբորբերի համալիր հսկողության բաղկացուցիչ մասը պնևմակոկային վարակների դեմ պայքարն է: Թոքաբորբ տարբեր հարուցիչներ կարող են առաջացնել, բայց գերակշռող մասը, որ կարող են մարդու օրգանզիմն ախտահարել, պնևմակոկերն են և հեմոֆիլուսները: Հեմոֆիլուսների դեմ պատվաստում ներդրվել է` հնգավալենտ պատվաստում. «Բոլոր այն հարուցիչները, որոնք թոքաբորբ են առաջացնում` բոլորի դեմ պատվաստում ենք»:
Հիշեցնենք, որ պնևամակոկը մանրէ է, որը հիմնականում հանդիպում է 70 տոկոս առողջ մարդկանց մոտ` քթի խոռոչում և կոկորդում` չառաջացնելով հիվանդություն: Սակայն այն կարող է տարածվել օրգանիզմի տարբեր հատվածներում` առաջացնելով տարբեր հիվանդություններ, որոնցից է թոքաբորբը:
Մասնագետները նաև փաստում են, որ չպատվաստվելու դեպքում՝ ավելի թանկ ենք վճարում. պատվաստումը մի քանի սրսկում է, ցավ, կարմրություն, այտուցվածություն և եզակի հանդիպող ծանր ռեակցիաներ, մինչդեռ գինը, որը վճարում ենք բնական ճանապարհով հիվանդանալու ժամանակ` հաշմանդամություն կամ մահ է: