21/04/2014 16:46
Արմավիրի 36-ամյա բնակիչը մեղադրվում է ձողով և փոցխով կնոջը սպանելու մեջ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 36-ամյա Գ. Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Գ. Մ.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա 2014թ. փետրվարի 15-ին ժամը 23:00-ի սահմաններում գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր կնոջը սպանելու` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի Այգեգործական երկրորդ թաղամասում գտնվող վագոն տնակի բակում բռունցքներով, ոտքերով մետաղական ձողով և փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին և մարմնի այլ մասերին, որի հետևանքով կինը մահացել է:
Բացի դա, 1999թ. չպարզված օրը Տավուշի մարզի Վահան գյուղի մարտական դիրքերում գտել է, տուն բերել և ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող` 7,62 մմ տրամաչափի թվով երկու փամփուշտներ, որոնք 16-02-2014թ. հայտաբերվել են նրա վագոն-տնակի ննջասենյակի պահարանից:
Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին ևՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցանք կատարելու մեջ: