21/04/2014 13:14
Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Ղարաբաղի հարցը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձել երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ընդգծվել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը։