21/04/2014 18:07
9 և 11 տարի ազատազրկում՝ 15.147.200 ՀՀ դրամի հափշտակության համար
Վերաքննիչ դատարանում քննվում է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Պատվական Միսակյանի և Սիրակ Սարգսյան գործով կայացրած դատավճռի դեմ բերված բողոքը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Պ. Միսակյանին և Ս. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, ավազակային հարձակմամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Մամիկոնյանց 48 հասցեում գտնվող գրասենյակային շենք, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու՝ զենքի գործադրման սպառնալիքով, կպչուն ժապավենով կապել են պահակ Վ. Բադալյանին, տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելով նշված շենքի 4-րդ հարկում տեղակայված «Ադամիում» ՍՊԸ-ի թիվ 405 աշխատասենյակի մուտքի և միջսենյակային դռները, մուտք են գործել ներս և դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելով չհրկիզվող պահարանի դուռը, այնտեղից հափշտակել են 15.147.200 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի։
Դատաքննության փուլում ամբաստանյալ Պ. Միսակյանը և նրա պաշտպանը հայտարարել են, որ նախաքննության ընթացքում Պ. Միսակյանի նկատմամբ կիրառվել է բռնություն և քննությանը խորթ այլ միջոցներ, որոնց ազդեցության ներքո տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ և կատարվել է քննչական փորձարարություն: Այդ կապակցությամբ դատարանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` գործի նախաքննության ընթացքում կիրառված բռնությունների հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր, և ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության հիմքով այն պատճառաբանությամբ, որ «(...) նախապատրաստված նյութերով հերքվել են Սիրակ Սարգսյանի և Պատվական Միսակյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում բռնություն գործադրելու վերաբերյալ հանգամանքները, վերջիններս իրենց դիմումներով և բացատրություններով անձամբ խնդրել են առանց քննության թողնել իրենց դիմում-բողոքները (...)»:
Գնահատության ենթարկելով ամբաստանյալ Պ. Միսակյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները` դրանց վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու, դրանց վերաբերելիության և թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դատարանը արժանահավատ է համարում ամբաստանյալ Պ. Միսակյանի նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքները, ինչպես նաև նրա մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները:
Նշված պայմաններում դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Պ. Միսակյանի նախաքննության փուլի ցուցմունքները ձեռք են բերվել, իսկ քննչական փորձարարությունը կատարվել է օրենքով սահմանված քրեադատավարական կարգի պահպանմամբ, թույլատրելի ապացույցներ են և չեն հակասում դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցներին:
Առաջադրված մեղադրանքում Ս. Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության փուլում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն ավազակություն չի կատարել, դեպքի հետ որևէ առնչություն չունի:
Դատարանը Պ. Միսակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, Ս. Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 11 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: