21/04/2014 12:34
Այսօր ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ ազգային հերոս, ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Արցախյան պատերազմում Կրպեյանը Գետաշեն-Մարտունաշեն շրջանի ինքնապաշտպանության հրամանատարն էր:
Նա ծնվել է 1965թ.-ին, Թալինի շրջանի Արեգ գյուղում:
1990թ.-ի սեպտեմբերին` լինելով ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանող, մեկնել է Արցախ, ուր մինչև 1991թ.-ի ապրիլն իր հիմնած կամավորական ջոկատներով ղեկավարել է Գետաշենի ինքնապաշտպանությունը:
«Վախենո՞ւմ եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի ու ազգի: Ես ոչ մի անգամ Երևանի օդանավակայանում չեմ իջնի ասելով` Գետաշենը հանձնեցինք: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»,- ասել է Թաթուլ Կրպեյանը:
Հերոսը պահեց իր խոստումը: Չիջավ Երևանում ու չասեց` «Գետաշենը հանձնեցինք»: Նա պայքարեց մինչև վերջ ու զոհվեց ընդամենը 26 տարեկանում` 1991թ.-ի ապրիլի 30-ին, Գետաշենում: