21/04/2014 13:29
Ընդդիմությունը դարձել է միմյանց շանտաժ անելու միջոց. Տիգրան Կարապետյան
«Ժողովդրական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը որևէ ակնկալիքներ չունի ձևավորվող նոր կառավարությունից: «Ժողովրդի համար ի՞նչ են արել, որ հիմա ինչ անեն: Ժողովուրդը ոչ մի լավ սպասելիք չպետք է ունենա»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուն, ապա Տ. Կարապետյանը համոզված է, որ անձով երկրում ոչինչ չի փոխվի: Նա հիշեց իր վաղեմի խոսքերը, որ ասել է նաև Տիգրան Սարգսյանի վարչապետ լինելու օրոք. «Հովիկ Աբրահամյանին վարչապետի նշանակումը պայմանավորված է նրանով, որ Նախագահը մտածում է իր հետագա անելիքների մասին: Երեք տարիների՝ որ անփորձանք իշխի և անփորձանք հեռանա: Վարչապետի փոփոխության հետ ժողովուրդը կապ չունի: Հովիկ Աբրահամյանն հինգ տարի անընդմեջ եղել է ընտրական շտաբի ղեկավար, կեղծել է ընտրությունները, հետևաբար, ես չեմ կարծում, որ ինչ-որ բան կանի ժողովրդի համար»,- հավելեց Կարապետյանը, ում համոզմամբ՝ հասունացել է իսկական պահը, երբ ժողովուրդը պետք է իսկապես համախմբվի ու հանդես գա միասնականությամբ:
«Եվ այդ միասնականությունը պետք է լինի ոչ թե եռյակի կամ քառյակի շուրջ, այլ պետք է ձևավորի համաժողովրդական ճակատ»,- նշեց ԺԿ ղեկավարը՝ ընդգծելով, որ ընդդիմությանը ժողովրդի կողքին է:
Անդրադառնալով 4 քաղաքական ուժերին, կամ ինչպես ընդունված է ասել՝ «հրաշալի քառյակին»՝ Տ. Կարապետյանը նշեց, որ արդեն քսան տարի է՝ հայաստանյան քաղաքական ուժերը ինչ-որ բանի շուրջ պայմանավորվում են միմյանց հետ, բայց դրանից, ըստ էության, երկրում ոչինչ չի փոխվում:
«Ընդդիմությունը դարձել է միմյանց շանտաժ անելու միջոց: Խաղուպար...Հիմա Արթուր Բաղդասարյանն էլ է ասում, թե ընդդիմություն է, բայց ՕԵԿ ղեկավարն այսօր այլևս արժեք չունի: Մեկ մտնում է կոալիցիա, մեկ դուրս է գալիս»,- հավելեց նա: