22/04/2014 14:59
Ազգային արխիվում հայտնվել են նոր փաստաթղթեր՝ Հայոց ցեղապանության վերաբերյալ
Հայաստանի ազգային արխիվն իր աշխատանքները այսօր էլ շարունակում է: 2015 թվականը մեզ համար ոչ թե վերջակետ, այլ բազամակետ է, որից հետո մենք նոր նախադասություն ենք գրելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նա հավելեց, որ Հայոց ցեղասպանության 100 ամյակը Հայաստանի համար վերջնաժամկետ չի հանդիսանում, որպեսզի ամբողջ աշխարհին Հայաստանը կարողանա ապացուցել և ցույց տալ, թե 1915 թվականին ինչ է իրականում տեղի ունեցել:
«Բոլորը պետք է իմանան իրականությունը: Մեր խնդիրն է այլ երկրներին ցույց տալ, թե ինչ է եղել, ինչպես է եղել, ովքեր են կազմակերպել և ում ձեռքով է իրականացվել Հայոց սպանդը»,- հավելեց նա՝ նշելով, որ ազգային արխիվում մինչ օրս պահպանվում են այնպիսի փաստաթղթեր, որոնք փաստում են 1915 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածը:
Ա. Վիրաբյանը նշեց, որ այսօր էլ Ազգային արխիվում շարունակում են հավաքագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք նորություն են անգամ պատմաբանների համար:
«Եթե մենք չսկսեինք այս գործընթացը, գուցե և չունենայինք նաև այդ փաստաթղթերը ունենալու հնարավորությունը»,- նշեց պատմաբանը՝ մանրամասնելով, որ Ազգային արխիվի տնօրինության տակ են հայտնվել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերի նոր հուշեր, նոր լուսանկարներ և այլ կարևոր փաստաթղթեր:
«Ունենք նկարներ, որոնք դեռևս հրապարակված չեն: Դրանք այն հայերի լուսանկարներն են, ովքեր հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրության յաթաղանից: Լուսանկարները հիմնականում ընտանեկան են, որոնց վրա պատկերված են այժմյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի գյուղերի բնակիչները, նրանց գերդասատանները, որոնց մի մասն է փրկվել միայն»,- ասաց նա:
Ամփոփելով արխիվի աշխատանքները՝ բանախոսը շարունակեց, որ մինչ օրս հրապարակվել է գիտականորեն մշակված, ծանոթագրված, խմբագրված 750 կարևարգույն փաստաթուղթ, որոնց մի մասը տեղ են գտել «Հայոց ցեղասպանություն՝ ականատես-վերապրածների վկայություններ» գրքում:
«Այս եռահատորը միայն մեր ունեցած փաստերի մի չնչին տոկոսն է կազմում: Մենք այդ աշխատանքը սկսել ենք վաղուց և արդեն 10 տարի է ինչ աշխատում ենք: Հայերեն եռահատորն արդեն հրատարակվել է, որի մի մասը նաև թարգմանվել է անգլերեն լեզվով: Եռահատորը կթարգմանվի նաև ռուսերեն, թուրքերեն և ֆրանսերեն լեզուներով: Մենք այդ աշխատանքն իրականացրել ենք առանց պետական աջակցության»,- նշեց Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ առաջիկայում գծագրված է ստեղծել նաև տեղանունների մի շտեմարան, որում կընդգրկվեն բոլոր շրջաններն ու գյուղերը, որտեղ ժամանակին ապրել են հայերը:
«Եղել են բնակավայրեր, որտեղ ապրել են հայեր, որոնց անունները դեռևս հրապարակված չեն: Այդ բնակավայրերում մարդիկ ընդհանրապես չեն փրկվել: Տեղյակ ենք միայն, որ ապրել են հայեր: Դրանք ևս ուսումնասիրվում են: Սա դժվարին աշխատանք է, բայց մենք պարտավոր ենք այն իրականացնել: Ժամանակն ամեն ինչ արդեն արել է»,- նշեց պատմաբանը՝ հավելելով, որ նախ շատ ժամանակ է անցել և տեղեկությունները դեռևս հստակ չեն, իսկ երկրորդ խնդիրը դա ֆինանսական կողմն է, որը չի բավականացնում:
Վիրաբյանն ընդգծեց, որ փաստաթղթերի արխիվացումը թեև ժամանակատար աշխատանք է, բայց անընդհատ դրանք շարունակվելու են:
«Կան արխիվներ որոնք դեռևս ուսումնասիրված չեն: Վաշինգտոնում կա Հոլոքոստի թանգարան, որտեղ ունենք շատ փաստաթղթեր: Այս թանգարանի հետ նոր ենք պայմանագիր կնքել: Մենք պետք է տրամադրենք փաստաթղթեր 2-րդ համաշխարահային պատերզամի ժամանակ Հայաստան գաղթած հրեաների մասին: Դեռևս ուսումնասիրված չեն նաև պարսկական, ռուսական արխիվները: Մենք պետք է մեր աշխատանքը տեղափոխենք աշխարհի բոլոր արխիվները: Պետք է ուսումնասիրվեն ոչ միայն արտասահմանյան, այլև Սփյուռքի արխիվները, որտեղ նույնպես կան բազմաթիվ չուսումնասիրված փաստաթղթեր»,- ասաց նա:
Վիրաբյանը նշեց, որ պետք է կարողանանք աշխարհին ապացուցել, թե որքան նյութական կորուստներ են ունեցել հայերը: «Բնաջնվել են ոչ միայն հայերը, այլև նրանց ողջ ունեցվածքը. հայ մշակույթի կոթողները, ձեռագրերը, եկեղեցիները, եկեղեցիների ունեցվածքը և այլն: Թուրքիան որքան էլ հերքում է, ժամանակին հայերը ապրել են այնտեղ, արարել են ու աշխատել: Ժամանակին դա կազմում էր մոտ 2 մլդ ֆրանսիական ֆրանկ, բայց այսօր կարելի է ասել, որ այն ահռելի թվի է հասնում: Մենք պետք է կարողանանք Թուրքիային ներկայացնել նյութական փոխհատուցման փոխարժեք: Ստեղծվել են հարցաթերթիկներ, որտեղ լրացվել է, թե մարդիկ որքան են նյութական կորուստներ կրել: Դրանք նույնպես պահվում են մեր արխիվում և այս տարի դրանք նույնպես հրապարակելու են: 2015 թվականով մեր աշխատանքները չեն ավարտվելու, հակառակը՝ դրանք ավելի են շատանալու: Մենք ուզում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման հարցը բարձրացնել նաև միջազգայի դատարաններում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այս ամենի համար անհրաժեշտ է հավուր պատշաճի բոլոր փաստերը ներկայացնել հանրությանը: «Պետք է մասնագետները գան, ուսումնասիրեն դրանք: Կկազմակերպվի նաև ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն փաստերի մի մասը՝ լուսանկարներ, փաստաթղթեր, քարտեզներ, իրեր: Եվ ի տարբերություն նախորդ ցուցադրությունների՝ այս տարի կկազմակերպվի նաև ցուցադրություն համացանցում: Գնալով մեր աշխատանքներն էլ ավելի են դժվարանում»,- ասաց Վիրաբյանը: