22/04/2014 17:13
Արա Զոհրաբյան. ՓՊ-ն կոշտ գնահատական կտա զանցանք կատարած փաստաբաններին
«Ցավոք, մենք ունենք դեպքեր, երբ փաստաբաններից պաշտպանվելու համար անձը մեկ այլ փաստաբանի է դիմում: Դա մեր կնճռոտ խնդիրներից է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Մենք սկզբունք ունենք՝ երբեք ուրիշի հաշվին չպետք է լավություն արվի մյուսին, այսինքն՝ վատ փաստաբանին թողնելով շարքերում, նշանակում է վատություն անել հասարակությանը: Բայց պետք է հասկանանք, որ ցանկացած զանցանք պետք է անցնի պատշաճ ապացուցման ճանապարհ, սակայն վստահորդները ոչ բոլոր դեպքերում են իրենց փաստաբանների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնում, կամ ներկայացնում են, սակայն ապացույցների բավարար բազա չենք ունենում պատժելու համար: Հավատացնում եմ, նմանատիպ ապացույցների դեպքում Փաստաբանների պալատն անպայման կոշտ գնահատական է տալու նման փաստաբաններին»,-ասաց նա:
Ա. Զոհրաբյանի խոսքով՝ Փաստաբանների դպրոցում էլ քարոզվում է կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը, բացատրվում է ոչ միայն դրա իրավական, այլև բարոյական կողմը:
«Մենք ունենք նաև վարքագծի կանոնների ուղղակի պահանջ, որ բոլորը պարտավոր են կատարելագործել գիտելքիները, և իրավունքի համապատասխան ճյուղի գիտելիքներ ունենալ: Եթե չեն տիրապետում տվյալ ճյուղին և վնաս տվեցին վստահորդին, ապա ՓՊ-ն կոշտ գնահատական է տալու և կարող է ընդհուպ մինչև արտոնագրից զրկել փաստաբանին: Մենք վերջերս մեկ դեպք ունեցանք, որ փաստաբաններից մեկը արտոնագրից զրկվեց, որովհետև նա համագործակցել էր նախաքննության մարմնի հետ և նա հիմա այդ որոշումը վիճարկելու համար դիմել է դատարան»,-ասաց Զոհրաբյանը:
Ա. Զոհրաբյանը նաև նշեց, որ փաստաբանի անկախության համար բավարար երաշիքներ կան և ՓՊ-ն ամեն ինչ անում է այդ խնդիրը լուծելու համար և անմիջապես արձագանքում է առկա խնդիրներին: