22/04/2014 16:47
Փաստաբանական դպրոցի տնօրեն. Իմ և Նիկոլայ Բաղդասարյանի միջև որևէ բախում չկա
Կայացավ ՀՀ փաստաբանների պալատի նոր շենքի բացման արարողությունը: ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շենքային նոր պայմանները պարտավորեցնում են լավ ծառայություններ մատուցել:
«Շենքը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից, 4-րդ հարկում ՓՊ աշխատակազմն է, 3-րդ հարկում՝ Փաստաբանական դպրոցը, իսկ 2-րդ հարկում՝ Հանրային պաշտպանի գրասենյակը: Տվյալ դեպքում այսպիսի լավ պայմանների առկայությամբ խնդիր է դրվել, որ պետք է որակյալ ծառայություններ մատուցել, և հանրային պաշտպանների դեպքում էլ փոխել այն կարծրատիպը, որ եթե մարդիկ անվճար ծառայություն են ստանում, ուրեմն վատ ծառայություններից պետք է օգտվեն»,-ասաց նա:
Ա. Զոհրաբյանի խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են փաստաբանների որակը բարձրացնելու համար:
«Փաստաբանական համայնքի համար կարևոր է փաստաբանների անկախությունը, որակական աճը և դատական արդար համակարգը և մենք ամեն ինչ անելու ենք սա իրականացնելու համար: Հիմա դասընթացների և ծրագրերի վրա ենք աշխատում, թե ինչ թեմաներ ենք ներկայացնելու, արդյոք փաստաբանին դա պետք լինելու է, թե ոչ»,-ասաց նա:
Անդրադառնալով Փաստաբանական դպրոցին՝ նա ասաց, որ դպրոցի համար «որակական նոր չափանիշներ են սահմանվելու, դժվարանալու է սովորելը, քան նախկինում էր, ինչը արվելու է որակյալ կադրեր ունենալու համար»,-ասաց նա:
Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակնկալում եմ, որ դպրոցում որոշակի փոփոխություններ են լինելու ծրագրային առումով և այն կատարելագործման են բերելու:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի նախկին տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանին, ով դրեց Փաստաբանական դպրոցի հիմքը: Պետք է իրականացվի պայմաններին համահունչ ուսուցում: Պլանավորվում է, որ ուսուցումը իրականացվի հեռավար կարգով: Դա արդյունավետ կլինի այն փաստաբանների համար, ովքեր Երևանից դուրս են բնակվում: Մոտ ապագայում մենք կունենաք հեռավար հարթակ, որը իրականցվում է միջազգային կառույցների հետ համատեղ, որոնց հետ աշխատանքը համակարգում է մեր դպրոցի նախկին տնօրենը: Սրանով ես ուզում եմ հերքել այն տեղեկությունները, որ կա հին և նոր տնօրենների միջև բախում: Նման բան չկա»,-ասաց նա:
ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փաստաբանական դպրոցը շատ կարևոր է փաստաբանների կայացման համար:
«Հայաստանում մոդելը դրված է հատուկ ուսուցման շրջանակներում ստեղծել մասնագետներ: Դա հնարավորություն է տալիս ի հավելումն բուն իրավաբանական գիտելիքի, որ ստանում են ունկնդիրները համալսարանում, դրանց ավելացնել փաստաբանների հմտությունը, դատարանում հարցաքննման, սթրեսի, ժամանակի կառավարման հմտություններ է տալիս: Ես երբ փաստաբան էի դառնում, ավարտելուց հետո հայտնվում էինք փաստաբանների դիպլոմով, լրիվ գիտելիքային բազան բացակայում էր, մենք ստիպված էինք լինում սովորել, նաև մեր սխալների վրա, իսկ Փաստաբանական դպրոցը 6 ամսվա պրակտիկայի միջոցով հնարավորություն է տալիս իրավաբաններին, կամ բուհի շրջանավարտներին ավելի սահուն, հմուտ անցում կատարել փաստաբանի աշխատանքին»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք մասնավոր բուհերի շրջանավարտները ևս կարող են սովորել դպրոցում, նա պատասխանեց. «Դիմորդները պետք է համապատասխան որակաորում ունենան: Անցած շաբաթ հակասահմանադրական ճանաչվեց այն դրույթը, որով մագիստրոսները ևս հնարավորություն ստացան Փաստաբանական դպրոցում սովորելու: Եթե տվյալ բուհի դիպլոմը պաշտոնապես ճանաչվում է ՀՀ տարածքում, դա բավարար է փաստաբան դառնալու համար: Միշտ չի, որ պետական բուհը ավելի լավն է, քան մասնավորը և հակառակը»,-ասաց նա:
Նշենք, որ Փաստաբանական դպրոցում այս պահին ուսանում է 63 ունկնդիր: Այն իրականացնում է նաև փաստաբանների վերապատրաստում:
Շենքի 2-րդ հարկում գտնվում է Հանրային պաշտպանի գրասենյակը: ՀՀ-ում այս պահին գործում է շուրջ 50 հանրային պաշտպան:
ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նախորդող հրապարակում՝ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի նոր մասնաշենքի բացմանը