22/04/2014 10:10
Մի ծաղկով գարուն չի գա. Արամ Սարգսյանը՝ նոր վարչապետի մասին
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերջերս՝ մինչև նոր վարչապետի նշանակումը, կարծիք էր հայտնել, որ եթե նախագահը իսկապես ցանկություն ունի արմատախիլ անել քրեաօլիգարխիկ համակարգը, պետք է դրսից վարչապետ բերի:
«Առավոտի» թղթակիցը նրանից հետաքրքրվել է՝ այն, որ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, ի՞նչ է նշանակում՝ նախագահը ցանկություն չունեցա՞վ արմատախիլ անել այդ համակարգը: Արամ Գասպարի Սարգսյանը պատասխանել է, որ համակարգը փոխելու համար պետք է երկու բան՝ ամբողջ ընտրական համակարգի փոփոխություն և նոր թիմի գալուստ, ընդ որում՝ նոր թիմ ասելով Արամ Սարգսյանը չի հասկանում միայն վարչապետի փոփոխությունը, քանի որ «մի ծաղկով գարուն չի գա»:
Ինչ վերաբերում է կոնկրետ վարչապետին՝ Հովիկ Աբրահամյանին, ապա ըստ Դեմոկրատական կուսակցության նախագահի, կոռեկտությունը պահանջում է նրան հնարավորություն տալ գոնե հարյուր օր աշխատել, ապա նոր որևէ գնահատական տալ: Իսկ ոչ իշխանական ուժերից Դեմկուսի նախագահը առանձնապես սպասելիքներ չունի՝ «այդ չորսից առնվազն երեքը մասնակցել են այս համակարգի ստեղծմանն ու կայացմանը, ինչո՞ւ պիտի ուզեն, որ այն վերանա»,- ասել է նա: