22/04/2014 17:52
Արմեն Երիցյանը` ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու և իր որոշման մասին
«Չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց պետք է ասեմ, որ ես ոստիկանության պետի առաջին տեղակալ էի, երբ «Օրինաց երկրի» կողմից հրավեր ստացա և առաջադրվեցի որպես Արտակարգ իրավիճակների նախարար: Ես իմացել եմ, որ լինելու եմ ՀՀ Նախագահի՝ Սերժ Սարգսյանի, մեր Նախագահի կողքին, բայց «Օրինաց երկիրը» որոշեց` չպետք է լինի կոալիցիայում, ես էլ որոշում կայացրեցի, որ չեմ կարող լինել ընդդիմություն»,- լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՕԵԿ-ից` իր դուրս գալը, ինչպես նաև` ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալը, այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
«Ես գտնում եմ, որ գործադիրում կարող էի իմ աշխատանքը շարունակել, եթե տային հնարավորություն և այդ հնարավորությունը ստացել եմ ու շարունակում եմ աշխատել»,- ասաց Ա. Երիցյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, Ա. Երիցյանը պատասխանեց, որ չգիտի` ավելացնելով, որ խորհրդակցությանն ինքը չի մասնակցել: Նախարարը նաև ասաց, որ ՕԵԿ-ը լքած գյուղատնտեսության ու քաղաքաշինության նախարարները միասին են քննարկել կուսակցությունից դուրս գալու հարցը:
Դիտարկմանը, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս եկավ, քանի որ վարչապետի պաշտոնում Արթուր Բաղդասարյանը չնշանակվեց, Ա. Երիցյանն ասաց, որ չի կարող պատասխանել` կրկնելով, որ ինքը չի մասնակցել ՕԵԿ խորհրդակցությանը:
Նախորդող հրապարակումներ` ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, ՕԵԿ-ական նախարարները՝ կուսակցությունից
«Եթե Արթուր Բաղդասարյանը հրաժարվի ԱԱԽՔ պաշտոնից, կդառնանք ընդդիմություն»