22/04/2014 16:04
ՀՅԴ ԳՄ-ն երկրում ամբողջական իշխանափոխություն իրագործելու կողմնակից է
ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն ժողովը, հանգամանորեն քննարկելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության երկամյա գործունեությունը, երկրում ընթացող քաղաքական, հասարակական, տնտեսական զարգացումները, կատարեց իրավիճակի ախտաճանաչում և համախոհության մթնոլորտում նախանշեց կուսակցության առաջիկա ուղենիշներն ու անելիքները: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարությունում:
«Ժողովն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, տարածաշրջանային խնդիրներին, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակին, իշխանությունների անհեռատես քաղաքականությանը` ընդգծելով կառավարման ներկայիս արատավոր համակարգը հիմնովին բարեփոխելու անհրաժեշտությունը:
Ժողովն արձանագրեց, որ կուսակցության` համակարգային փոփոխություններ երաշխավորող քաղաքական, տնտեսական առաջարկությունների փաթեթը շարունակելու է մնալ իշխանությունների և քաղաքական ուժերի հետ ՀՅԴ հարաբերությունների առանցքում:
Շեշտվեց, որ Գերագույն մարմինը պետք է առավելագույնն անի որակական փոփոխություններով ազգային պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու նպատակների շուրջ քաղաքական ու քաղաքացիական լայն համախմբում ձևավորելու համար: Ժողովը կուսակցության շարքերը երիտասարդացնելու, ժամանակակից արդյունավետ մեթոդներով գործելու, ժողովրդային լայն շրջանակներին բացվելու, անկախության սերնդի մոտ ազգային մտածողություն արմատավորելու խնդիր առաջադրեց:
Վերահաստատվեց երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխություն իրագործելու Դաշնակցության դիրքորոշումը: Կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում` փաստարկված քննադատությունը զուգակցելով այլընտրանքային, զարգացման ծրագրերի ներկայացմամբ: Արդարության հաստատումը, ՀՀ քաղաքացիների ազատ, արժանապատիվ կյանքի երաշխավորումը, ինքնիշխանության սահմանափակումներ թույլ չտալը, աղետալի արտագաղթի կասեցումը, աղքատության նվազեցումը, Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորումը, Հայ դատի և ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը շարունակելու են մնալ կուսակցության գործունեության գերակա ուղղությունները»,- ասված է ՀՅԴ հայտարարությունում: