22/04/2014 13:53
Գագիկ Հարությունյան. Հայ-թուրքական արձանագրությունները չեն աշխատում
«Ամեն ապրիլին մենք սպասում ենք, թե ինչ հայտարարություն կանի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ի` այս տարվա հայտարարությունը նույնպես կլինի երկիմաստ, քանի որ ՄԱԿ-ում Քեսաբի հարցով քննարկումներ չեղան հենց ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության հերթական տարեդարձին ընդառաջ ստեղծված քաղաքական իրավիճակին ասաց Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այսօր Մերձավոր Արևելքում նույնպես տեղի է ունենում ցեղասպանություն՝ քրիստոնյաները բնաջնջվում են և տեղահանվում:
«Բարաք Օբամայի՝ այս տարվա ելույթը կարող է էմոցիոնալ լինել, սակայն մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մենք այդ ելույթից և ինչ նպատակներ ենք հետապնդում»,- նշեց Գ.Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այսօր Թուրքիան այն չի, ինչ հարյուր տարի առաջ և այդ երկրում ձևավորվել է ազատական մտավորականություն, սակայն նրանք Թուրքիայում փոքրամասնություն են կազմում:
«Թուրքիան այսօր դարձել է տարածաշրջանային կարևորագույն երկիր և նրանք ցանկանում են դառնալ աշխարհի առաջատար տնտեսությունը ունեցող երկիրը»,- նշեց Գ. Հարությունյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Գ.Հարությունյանը նշեց, որ արձանագրությունները չեն աշխատում և դրանք հետ վերադարձնելը սկզբունքային հարց չէ: