22/04/2014 19:59
Միամսյակի բուժպահանջարկը` մանկաբարձագինեկոլոգիական և ակնաբուժական
«Կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում մայրաքաղաքի հիվանդանոցներ է դիմել 4.397 կին: Նեղ մասնագիտական խորհրդատվությունների և հետազոտությունների արդյունքում 1.607 կին (36.6%) ստացել է հիվանդանոցային բուժում, այդ թվում` 1.330 կին (83%) ենթարկվել է վիրահատության, որից491-ը (37 %) աչքի ախտաբանություններ, 411-ը (31%)` ընդհանուր վիրաբուժական, 345-ը (26%)` գինեկոլոգիական, 88-ը (6.6 %)` ուռուցքաբանական։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Գինեկոլոգիական խնդիրներով դիմել է 1.320 կին, որից 736-ը ստացել է ստացիոնար բուժօգնություն(56%), այդ թվում, գրեթե կեսը` 345-ը ստացել է վիրահատական(47%), իսկ 391-ը` կոնսերվատիվ բուժում:
Կանանց նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպորոզի հայտնաբերման նպատակով իրականացվել են կրծքագեղձի սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, դենսիտոմետրիա, ինչպես նաև, բժշկական ցուցումներով, դժվարամատչելի այլ հետազոտություններ: Իրականացվել է սկրինինգային 10.902 հետազոտություն, որից կրծքագեղձի սոնոգրաֆիա` 2.582, մամոգրաֆիա` 379: Արդյունքում 111 կնոջ մոտ ախտորոշվել է չարորակ նորագոյացություն, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ: Սկրինինգային ընթացակարգով (50տ և բարձր տարիքի) 402 կին անցել է դենսիտոմետրիա, որոնց 80%-ի մոտ հայտնաբերվել են ախտաբանական տարբեր շեղումներ, իսկ120 կնոջ մոտ ախտորոշվել է օստեոպորոզ:
Ընդհանուր առմամբ, Երևանի բժշկական կազմակերպություններում միամսյակի շրջանակներում բուժօգնության համար պոլիկլինիկական հաստատություն է դիմել 28.896կին։ Նրանց կեսից ավելիի մոտ (55%) հայտնաբերվել է որևէ ախտաբանություն, որոնցից 1/3-ը բուժվել է ստացիոնար պայմաններում: Հիվանդանոց դիմած 4.397 կնոջից յուրաքանչյուր երրորդն օգտվել է գինեկոլոգիական ծառայություններից, նրանց 56%-ն ստացել է ստացիոնար բուժում:Այս հիվանդների գրեթե կեսը(47%)ենթարկվել է վիրաբուժական միջամտության:
Հիվանդանոցային պայմաններում բուժված կանանց 80%-ից ավելիին տրամադրվել են վիրաբուժական ծառայություններ:Թե' ամբուլատոր, թե' հիվանդանոցային մակարդակում մասնագիտական բուժօգնության տեսակներից առավել մեծ պահանջարկ են ունեցել մանկաբարձագինեկոլոգիական և ակնաբուժական ծառայությունները:
Միամսյակի ավարտից հետո մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններում շարունակվել է մինչ այդ հաշվառված կանանց բուժօգնության տրամադրումը, վիրահատվել է ևս 116 կին։