22/04/2014 13:37
Կիրո Մանոյան. Պետք է ձերբազատվենք հայ-թուրքական արձանագրություններից
Մեզ հարկավոր է այս տարի ձերբազատվել հայ-թուրքական արձանագրություններից, քանի որ Թուրքիան անընդհատ օգտագործում է դրանք՝ աշխարհին ցույց տալու համար, թե Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթաց կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը.
«Արձանագրություններով մեր կողմից Թուրքիային տված լծակը հարկավոր է հետ վերցնել»,- ավելացրեց նա:
Կիրո Մանոյանը չի ակնկալում, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ կլինի:
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ցեղասպանության ժխտման մի զոհ էլ Թուրքիայի հասարակությունն է, քանի որ զրկված է իր ճշմարիտ պատմությունը տեսնելու իրավունքից: Մեր հասարակությունն այս առնչությամբ պետք է որոշ քայլեր անի, պետք է մղենք Թուրքիայի հասարակությանը ճանաչելու իր իրական պատմությունը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի այն հայտարարությանը, թե ապրիլի 24-ին Վաշինգտոնից կոշտ ելույթ է հնչելու՝ Կիրո Մանոյանն ասաց.
«Ես կարծում եմ՝ դա այդպես չէ ու ժամամակից շուտ արված այս հայտարարությունը կարող է մղել Թուրքիային, որ փորձեն կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Դեռ հարկավոր է սպասել»,- ասաց նա: