22/04/2014 19:42
Լիկա Սալմանյան. Կուզենայի այնպիսի դերասանուհի դառնալ, որ երբեք չմոռացվեի
«Եռաչափ սեր», «Հարազատ թշնամի» սերիալներից հանրությանը հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Լիկա Սալմանյանը, թեև մասնագիտությամբ դերասանուհի չէ, սակայն այս ոլորտում հասցրել է ճանաչվել: Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է դերասանական կրթության կարևորության, նրա նպատակների ու սիրտը գրավելու ուղիների մասին:
-Լիկա, Ձեր ամբողջական անունն ինչպե՞ս է, ո՞վ է այն կնքել:
-Անունս Լիանա է, բայց ինձ այդպես, կարելի է ասել, չեն դիմում, հայրս է ինձ այդ անվամբ կոչել:
-Բժշկուհու ձեր մասնագիտությանը վերջնակա՞ն եք հրաժեշտ տվել:
-Ոչ, քանի որ դեռ սովորում եմ բժշկական քոլեջում, բացի այդ, եթե անգամ չդառնամ մանկաբարձուհի, այդ մասնագիտությունն ինձ շատ կօգնի կյանքում՝ ցանկացած տեղ:
-Որպես դերասանուհի առավել պրոֆեսիոնալ դառնալու համար ի՞նչ նպատակներ ունեք:
-Պրոֆեսիոնալ դերասանուհի դառնալու համար, բնականաբար. անհրաժեշտ է կրթություն, կստանամ համապատասխան կրթություն, երբ ավարտեմ ներկայիս ուսումը:
-Այսօր պրոֆեսիոնալ դերասանները քննադատում են սերիալներում խաղացող ոչ մասնագետ դերասաններին, փաստորեն, դուք էլ մասնագիտությամբ դերասան չեք. ի՞նչ կպատասխանեք նրանց:
-Կարծում եմ՝ ոչ բոլորն են քննադատում: Յուրաքանչյուրից կարելի է նոր բան սովորել՝ անկախ այն հանգամանքից՝ պրոֆեսիոնալ է նա, թե ոչ: Ոչինչ չունեմ ասելու, միայն կնշեմ, որ դերասան լինելու համար միայն կրթություն ունենալը դեռ բավական չէ, մեր օրերում շատերն ունեն կրթություն՝ «պրոֆեսիոնալ դերասանի կրթություն», սակայն չկան ոչ թատրոնում, ոչ կինոյում և ոչ մի տեղ: Ասելիքս այն է, որ կրթությունը շատ կարևոր է, սակայն միայն դա դեռ ոչինչ չի նշանակում:
-Տեսահոլովակներում էլի կնկարահանվե՞ք. այստեղ հանդես գալու ձեր նպատակը ճանաչում ձեռք բերե՞լն էր, թե՞ գումար աշխատելը:
-Տեսահոլովակներում նկարահանվել եմ, քանի որ այդ պրոցեսն ինձ համար հաճելի էր, դա չեմ արել ճանաչում ստանալու համար:
-Հաղորդում վարելու առաջարկ ստացե՞լ եք, երբևէ կվարե՞ք:
-Հաղորդում վարելու առաջարկ չեմ ունեցել, փոխարենն ունեցել եմ բեմում որպես հաղորդավարուհի ներկայանալու առաջարկ. պետք է համերգային ծրագիր վարեի, բայց հրաժարվեցի: Չեմ կարող հստակ ասել՝ երբևէ կվարեմ, թե ոչ, բայց եթե ինձ հետաքրքրող որևէ առաջարկ լինի, ինչու՝ ոչ:
-Ձեր ոլորտում ի՞նչ հաջողությունների եք ձգտում, ի՞նչ նպատակներ ունեք:
-Կուզենայի այնպիսի դերասանուհի դառնալ, որ թեկուզ եթե չլիներ իմ մասնակցությունը որևէ տեղ, երբեք չմոռացվեի:
- Ի՞նչ պետք է անի տղան, որ գրավի ձեր սիրտը:
-Սիրտը գրավելու համար չափազանց կարևոր է նախ վերաբերմունքը, մոտեցումը, մարդու տեսակը. շատ բաներ կան, բայց սրանք, երևի, առաջնային են:
-Տղամարդու իդեալ ունե՞ք:
-Ինձ համար տղամարդու իդեալ են նրանք, ովքեր իմ կյանքում առաջնային դեր ունեն:
-Ձեր ամենամեծ երազանքը ո՞րն է:
-Ասում են՝ երազանքների մասին չեն խոսում, քանի որ բարձրաձայնելու դեպքում՝ դրանք չեն կատարվում (ծիծաղում է):