23/04/2014 15:52
«Հայ-թուրքական երկխոսությանը կողմ եմ, բայց այդ ձեռքերը չպետք է մնան օդում»
Հայաստանում են գտնվում թուրքական «Կանաչներ և ձախ ապագա» կուսակցության ներկայացուցիչները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության անդամ, լրագրող Ադնան Գենչը ասաց, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը սկսել է բարձրաձայնվել քաղաքական գործիչների կողմից:
«Այն, որ Ցեղասպանությունը եղել է, փաստ է և դրանից 100 տարի հետո Քեսաբում Թուրքիան երկրորդ տեղահանությունն է իրականացրել: Մենք վերջերս այցելել էինք Թուրքիայի միակ հայկական գյուղը, որտեղ գտնվում էին մի շարք քեսաբցիներ»,-ասաց նա, նշելով, որ Ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցը իրենց կուսակցության օրակարգում է:
Ա. Գենչի խոսքով՝ իրենք բոլորովին մտահոգություն չունեն, որ Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո հալածանքների կենթարկվեն Թուրքիայում:
Ասուլիսի մյուս բանախոս, թուրք քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրասը նշեց, որ իրենք կողմ են հայ-թուրքական երկխոսությանը, կարևոր է, որ այդ ձեռքերը չմնան օդում:
Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ով ասաց, որ նրանք այստեղ են՝ քաղաքացիական հասարակությունների հետ երկխոսություն սկսելու, այլ ոչ թե «նամյոկ» անելու համար և թուրքերի հետ քննարկումներ են կազմակերպվելու: