23/04/2014 15:44
Ամատունի Վիրաբյան. Օբաման այդ ցնցող բառը այս տարի նույնպես չի արտաբերի
Նախորդ տարիների համեմատությամբ, այսօր համեմատաբար ավելի շատ է խոսվում Հայոց ցեղասպանության փոխհատուցման մասին: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ում համոզմամբ ևս՝ Թուրքիան պետք է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչի, այլև պետք է փոխհատուցի բոլոր նյութական վնասները:
Վիրաբյանը նշեց, որ այդ մասին այսօր հաճախ են բարձրաձայնում հատկապես Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, ովքեր առաջինն են բարձրաձայնել այս մասին:
Անդրադառնալով միջազգային դատարան դիմելու գաղափարին՝ Վիրաբյանը նշեց, որ թեև համապատասխան նյութերը դեռևս քիչ են դրա համար, բայց մի բան հստակ է. Հայաստանն այդ քայլին մոտենում է:
«Մենք պետք է համոզվենք, որ կկարողանանք գործը շահել»,- մանրամասնեց նա՝ ընդգծելով, որ միջազգային դատարանում ներկայանալու համար նախևառաջ պետք է ունենալ համապատասխան փաստեր, իսկ հետո լավ փաստաբան: Այսօր լուրջ ձեռքբերումների համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական ներդրումներ: Մենք պետք է լավ փաստաբաններ ունենանք, որ կարողանանք հավուր պատշաճի ներկայանալ, որի համար միայն տարիների աշխատանքը քիչ է: Դրա համար պետք է շատ փող: Իսկ լավ փաստաբան ունենալու համար միայն հայրենասիրությունը քիչ է: Լավ փաստաբանին պետք է գումար, որ կարողանա իր գործը լիարժեք կատարել»,- ասաց նա:
Վիրաբյանն ընդգծեց, որ թեև ինքը չի զբաղվում քաղաքականությամբ, այնուամենայնիվ Հայաստանը այս գործին մի փոքր անլուրջ վերաբերմունք է ցուցաբերում. «Թուրքիան մեզ ավելի լուրջ է ընդունում, քան կանք»,- շեշտեց բանախոսը՝ նկատելով, որ Հայաստանում այս հարցի հետ կապված չկա կազմակերպվածություն, մինչդեռ լուրջ արդյունքի հասնելու համար կազմակերպվածությունը մեծ նշանակություն ունի:
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից հայտարարվելիք «կոշտ» հայտարարությանը՝ Վիրաբյանը նշեց, որ մեծ հույսեր այդ հայտարարության հետ ինքը չի կապում:
«Վերջին հաշվով դա կարևոր չէ՝ Ցեղասպանություն կասի, թե ոչ, բայց չեմ կարծում, որ այս տարի այդ ցնցող բառը նա արտաբերի: Եթե Օբաման Ցեղասպանություն բառն ասի, հաջորդ օրը ԱՄՆ-ի Սենատը Հայոց ցեղասպանությունը կճանաչի»,-ասաց Վիրաբյանը: