23/04/2014 19:23
Ավտոարշավ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին
Ապրիլի 29-ին Գյումրիից կմեկնարկի «Հաղթանակ» ավտոարշավը, որը նվիրված է մայիսյան հաղթանակների տոներին: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին տեղեկացրեց Երևանի Աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը: «Մայիս ամիսը մեր հաղթանակների ամիսն է: Ապրիլի 29-ի ավտոերթը նվիրվում է Հայրենական մեծ պատերազմի մեր մեծ հաղթանակին: Մենք ուզում ենք յուրահատուկ անդրադառնալ հատկապես մայիսի 9-ի հաղթանակին»,-ասաց նա՝ հավելելով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ, ովքեր պետք է մասնակցեն երթին, ուզում են այդ կերպ հիշել ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի հերոսներին, այլև Արցախյան պատերազմի մասնակիցներին: «Ուզում ենք հիշել մեր պատմության դրական կողմերը: Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, թե ինչ է պատերազմը»,- հավելեց նա՝ շարունակելով, որ մոտ 600 հազար հայորդի է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, որոնց մեծ մասը զոհվել է: «Վերջին 20 տարիների ընթացքում բավականաին բացթողումներ ունեցանք: Որոշ անձանց համար մեր պատմնությունը սևացնելը դարձել է մոդայիկ, իսկ որոշների համար՝ պարզապես բիզնես»,- շեշտեց նա:
Ա. Բոշյանի խոսքով՝ ավտոարշավի նպտակն է երիտասարդների շրջանում մեծացնել հետաքրքրությունը մեր պատմության հանդեպ: «Մեր երիտասարդությունը շատ է հեռացել պատմությունից»,- հավելեց նա:
Վաղ առավոտյան ժամը 7.30-ից Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի մոտից կմեկնարկի ավտոարշավը: Այնուհետև ծաղկեպսակի տեղադրման արարողություն տեղի կունենա Էջմիածնում և Երևանում: «Էջմիածնում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանի մոտ, ժամը 12-ին կկազմակերպվի միջոցառում, որտեղից կշարժվենք դեպի Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտա, այնուհետև կշարժվենք Մարշալ Բաղրամյանի պողոտա: Միջաոցառումը կամփոփվի Հաղթանակի զբոսայգում, որտեղ կկայանա օրվա ամենամեծ միջոցառումը»,- մանրամասնեց Բոշյանը՝ ընդգծելով, որ միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Կասկադյորների ազգային ասոցիացիան, Հայ կազակական միությունը, Երկրապահ կամավորականների միությունը, Հայաստանում Աֆղանստանի վետերանների միությունը և այլ ՀԿ-ներ ու կազմակերպություններ: «Մասնակցելու վերաբերյալ ցանկությունը օրեցօր ավելի է հետաքրքրանում և գնալով մասնակիցների թիվը մեծանում է»,- նշեց նա:
ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Ռազմիկ Մխիթրայանն էլ իր հերթին հավելեց, որ ամեն տարի մայիսյան տոներին ընդառաջ նախաձեռնվում են նման միջոցառումներ: «Մայիս ամիսը մեզ հաամար քառատոն ամիս է: Հայրենական պատերազմը մեզ համար օրինակ էր«,- ասաց նա՝ նշելով և յուրաքանչյուր հայ պարտավոր է խոնարհվել Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի առջև:
Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ թե ինչո՞ւ հատկապես ապրիլի 29-ին՝ Արման Բոշյանը նշեց, որ նախ ուզում են միջոցառումն ամենամյա դարձնել, ապա շարունակեց, որ հարգանքի տուրք մատուցելու համար պարտադիր չէ լինի որևէ պաշտոնական օր: