23/04/2014 18:27
Թուրքիայի ներքաղաքկան կյանքում այսօր շատ բան է փոխվել. Թուրքագետ
Թուրքիայի ներքաղաքական կյանքում այսօր շատ բան է փոխվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին:
«Այդ փոփոխությունը նկատելի է հատկապես գործող նախագահ Աբդուլա Գյուլի հայտարարությունից հետո, որն անակնկալ հայտարարություն էր ոչ միայն թուրք հասրակության, այլև նույն ԱԶԿ-ի համար»,- նշեց բանախոսը՝ ընդգծելով, որ ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում:
Թուրքագետը հավելեց, որ առաջիկայում սպասվում է Գյուլ-Էրդողան հանդիպումը, որտեղ կքննարկվի ոչ միայն Գյուլի այդ հայտարարությունը, այլև դրանից բխող հետևանքները:
«Հետագա զարգացումները այդ հանդիպումից են կախված: Եթե դիտարկենք Էրդողան-Գյուլ հակասությունները, ապա շատ հետաքրիր զարգացումներ են սպասվում: Գյուլը հակված է շատ հարցերում հակադարձելու նույն Էրդողանին և նա շատ հարցերում չի կիսում Էրդողանի դիրքորոշումը, որոնք առնչվում են հատկապես Թուրքիայի ներքին կյանքին: Իսկ վերջին շրջանում այդ հակասություններն էլ ավելի ակտիվացան ու ակնառու դարձան և այդ դիսբալանսը նկատվեց, երբ երկրի վարչապետը մի բան հայտարարում էր, իսկ Գյուլը՝ հակադարձում»,- ասաց Հովսեփյանը:
Թուրքագետի խոսքով՝ Գյուլի հետ հակասություններն առաջ եկան հատկապես այն ժամանակ, երբ Էդրողանն ի ցույց դրեց երկրի մենատեր լինելու իր ձգտումը:
«Դա զայրացրեց Էրդողանին, որի հետ Գյուլն այլևս հաշվի չէր նստում: Չի բացառվում, որ դա պայմանավորված լինի նրանով, թե Գյուլը փորձում է հետաքրքրություն ցուցաբերել Թուրքիայի հետագա քաղաքական կոնֆիգուրացիայի առումով: Նույն ԱԶԿ-ում ևս կան որոշակի ներքին խնդիրներ»,- մանրամասնեց թուրքագետը՝ նշելով, որ այդ կուսակցության ներսում ձևավորվել են խմբավորումներ, որոնք պառակտել են կուսակցությունը: Նրա համոզմամբ՝ չի բացառվում նաև Գյուլի հեռացումն այդ կուսակցությունից:
«Հաշվի առնելով նաև Գյուլենի ու Էրդողանի հարաբերությունները, հնարավոր է ԱԶԿ-ն մասնատվի»,- ընդգծեց բանախոսը՝ նշելով նաև, որ ԱԶԿ-ի մասնատման մասին խոսակցությունները Թուրքիայում շրջանառվում էին դեռևս Գյուլենի օրոք, ով նույնպես Էրդողանի հետ ուներ որոշակի տարաձայնություններ:
«Կուսակցության պառակտման միտումը նկատվում էր նաև Գլուլենի հետ Էրդողանի դիմակայութան ժամանակ: Գյուլենն այսօր էլ ԱԶԿ-ում ունի իր թիմակիցները: Ու թեև այդ գործընթացը ժամանակին մասնակիորեն կասեցվեց, բայց այսօր դա այլևս հնարավոր չէ թաքցնել: Ինչ վերաբերում է նախագահ Գյուլին՝ ապա ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում: Էրդողանի մեկուսացումը հնարավոր է ներքաղաքական այլ զարգացումներ առաջ բերի»,- ասաց նա: