23/04/2014 14:26
Ազատամարտիկները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀԿ գրասենյակի առջև
Դաշտային հրամանատարների խորհուրդն այսօր հավաք է անցկացնում ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի առջև:
«Եկել ենք ասելու, թե իրենք ովքեր են, ինչ են արել, ու մենք ինչ ենք արել և ու դեռ ինչ պիտի անենք»,- հավաքի սկզբում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ հավաքվելու համար ընտրել են հենց այդ վայրը, քանի որ «այդ կուսակցությունը նպաստում է իշխանության գողութանը»:
Ազատամարտիկներն ակցիայի ընթացքում նշեցին, որ բոլոր համերգասրահներն արդեն մոտ 4 ամիս է, ինչ հրաժարվում են իրենց դահլիճ տրամադրել՝ հավաքներ անցկացնելու համար.
«Համաձայնում են, հետո հավաքից մի երկու օր առաջ զանգում հրաժարվում են՝ թե «մենք էլ ընտանիք ունենք ու չենք ուզում աշխատանքներս կորցնել»»,- ասացին ազատամարտիկները:
Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն էլ հավաքի ժամանակ նշեց, որ այսօր իրենք չեն գնա ծայրահեղ քայլերի, քանի որ վաղը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է.
«Բայց կգա վաղը չէ մյուս օրը, մենք դուրս ենք գալու փողոց և չենք գնալու տուն, քանի որ մեր պայքարն ամբողջ համակարգի դեմ է ու ինչ-ինչ անձեր փոխելով իրավիճակը չի փոխվի»,- ասաց Խաչիկ Ավետիսյանը:
Նշենք, որ ազատամարտիկների այսօրվա բողոքի ակցիան սկսվել է Հանրապետության հրապարակից, որտեղից էլ բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ նրանք շարժվել են դեպի ՀՀԿ գրասենյակ: