23/04/2014 15:13
Ազատամարտիկը 4 անչափահաս երեխաների հետ նստացույց է սկսել նախագահականի մոտ
Ազատամարտիկ Հակոբ Թադևոսյանն իր կնոջ ու 4 անչափահաս երեխաների հետ այսօրվանից նստացույց է սկսել Նախագահի նստավայրի առջև: Նա պահանջում է իրեն տալ տարիներ առաջ խոստացած բնակարանը:
«Ես Հրազդան քաղաքից եմ: Ազատամարտին մասնակցել եմ 1991թ.-ից, եղել եմ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ջոկատում։ Արդեն 13 տարի է՝ ընտանիքիս հետ տնից տուն եմ տեղափոխվում: Պապական տուն ունեինք, բայց 4 եղբայր ենք ու տանն ապրելու հնարավորություն չունենք»,- Aysor.am-ի հետ զրույցում պատմեց ազատամարտիկը՝ շարունակելով.
«Պաշտպանության նախարարության սոցիալական վարչությունն ինձ ընդգրկել էր ազատամարտիկներին բնակարանների տրամադրման ծրագրում: Սպասեցինք, սպասեցինք, բայց անընդհատ ասում էին, որ հիմա գումար չկա ու տունն էլ ավելի ուշ կտան: Ես էլ գումար չունեի արդեն տան վարձ տալու, 4 անչափահաս երեխա ունեմ: Պահանջեցի, որ նախարարի հետ հանդիպեմ: 3 տարի առաջ նախարար Սեյրան Օհանյանն ինձ այդ հարցով ընդունեց ու բանավոր ասաց, որ բնակարան ստանալու ցուցակում իմ անունը 44-րդն է: Հիմա 3 տարի է անցել, միթե՞ 43 բնակարան չի տրամադրվել ու հերթն էլ ինձ չի հասել»,- ասաց Համլետ Թադևոսյանը՝ նշելով, որ օրերս էլ իրեն մի նոր բացատրություն են տվել.
«Ինձ ասացին, որ, փաստորեն, իմ անունը հանել են բնակարան տրամադրելու ցուցակներից ու տեղափոխել բնակարանի բարելավման ցուցակ: Բայց ես բնակարան չունեմ, որ այն բարելավեմ: Հազար անգամ ՊՆ սոցվարչություն կադաստրից թուղթ եմ տարել, որ ես էս հանրապետությունում մի սեփական կատու էլ չունեմ, հիմա ինձ Կոտայքի մարզպետարանից եկել ասում են՝ քեզ տուն չի հասնում, տան բարելավում է հասնում»,- ասաց ազատամարտիկը:
Նա նշեց, որ նախագահականի դիմաց է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ պատասխանատու մարմիններից մեկը չի ստեղծի հանձնաժողով, որը կուսումնասիրի իր խնդիրն ու որոշում կկայացնի.
«Թող գան, բոլոր փաստաթղերս նայեն, ամեն բան ստուգեն, որ ասեն ինձ այսքանից հետո բարելավում է հասնում, կասեմ՝ հա: Բայց տուն չունեցող ու 4 անչափահաս երեխա ունեցող մարդու ի՞նչը բարելավես»,- ավելացրեց ազատամարտիկը: