23/04/2014 19:13
Ակցիզային հարկի և այլընտարնքյաին հարկային ստուգումների օրենքները փոփոխվեցին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է այլընտրանքային հարկային ստուգումների և հորիզոնական մոնիտորինգի համակարգերի ներդրման անհրաժեշտությամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքի այս նախագիծը և անհրաժեշտ համարել դրա մանրամասներին ծանոթացնել ինչպես գործարար աշխարհի ներկայացուցիչներին, այնպես էլ հանրությանը: Նա հիշեցրել է, որ բիզնես միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է:
Քննարկվել է նաև «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հանել թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը, ինչի շնորհիվ զգալիորեն կավելանա ներկրման ծավալը և դրանով պայմանավորված՝ լրացուցիչ մուտքեր կապահովվեն ՀՀ պետբյուջե: Կառավարությունն այս օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: