23/04/2014 10:10
Հիմա մենք ունենք երկիրը փրկելու խնդիր. Նաիրա Զոհրաբյան
2012-ի նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ի անունից խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կոչ էր արել քաղաքական ուժերին համախմբվել և բարեփոխել Սահմանադրությունը: Հիմա, երբ իշխանություններն են գնում այդ քայլին՝ ԲՀԿ-ն բոլորովին այլ կարծիք է հայտնում:
Թե ինչու ԲՀԿ-ն մեկուկես տարվա մեջ այդպես փոխեց իր տեսակետը, ինչու է նման հակասական տեսակետ հայտնում նույն խնդրի շուրջ՝ «Առավոտի» հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է. «Հակասություն չկա: Մենք ասել էինք, որ երկրին անհրաժեշտ է այդ խնդիրների լուծումը, որոնց վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիայի էինք հրավիրել մեր գործընկերներին: Բայց խոսքը կոնկրետ ժամկետներին չի վերաբերել: Մենք հիմա գտնում ենք, որ երկրում սահմանադրական ճգնաժամ չկա: Երբ որ մենք մեր գործընկերներին հրավիրում էինք քաղաքական երկխոսության, մենք չէինք կարող կանխատեսել, որ օր օրի երկրի սոցիալական վիճակը դառնալու է աղետալի: Այսօր մենք ունենք ոչ թե սահմանադրական ճգնաժամ, այլ ունենք սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Մեր երկրի պրոբլեմը ոչ թե վատ սահմանադրությունն է, այլ այն է, որ Սահմանադրությունը չի գործում: Այո, ձեռնամուխ ենք եղել սահմանադրական բարեփոխումներին: Այո, ԲՀԿ-ն բազմաթիվ առաջարկներ ունի, բայց հիմա դրա ժամանակը չէ: Հիմա մենք ունենք երկիրը փրկելու խնդիր, ունենք տնտեսական ճգնաժամը հաղթահարելու խնդիր: Հիմա սահմանադրական ճգնաժամ Հայաստանում չկա»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: