23/04/2014 16:31
Ապարանցի Պավլիկ. Գնում էինք Քեսաբ՝ մեր հայրենակիցներին տեր կանգնելու
Մենք նպատակ ունեինք մեկնել Քեսաբ ու այնտեղ տեր կանգնել մեր հայրենակիցներին: Արդյունքում՝ մեզ առանց որևէ պատճառաբանության արգելեցին դուրս գալ Հայաստանի տարածքից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Պավել Մանուկյանը՝ Ապարանցի Պավլիկը:
«Մեր զայրույթը կապված էր այն բանի հետ, որ քեսաբահայությունը տարհանվում է իր բնօրրանից և ոչ ոք դրան չի արձագանքում: Ես գլուխս էլ բարձին չեմ կարողանում դնել, քնել, երբ հիշում եմ, թե ծերերի վիճակն այնտեղ ինչպիսին է»,- ասաց ազատամարտիկն՝ ընդգծելով, որ իրենք պատրաստվում էին Քեսաբ մեկնել տեղի հայերին պաշտպանելու և ոչ թե Սիրիայի ներքին կամ արտաքին գործերին խառնվելու համար.
«Բայց մեր պետական անվտանգության աշխատակիցներն, իհարկե, գաղտնալսումով, միանգամից հայտնաբերեցին մեզ: Մեր հնարավորությունը ներեց, որ սկզբում 5-ով գնայինք ու մեզ մեկ օր առաջ օդանավակայանում, ուղղակի, արգելեցին երկրից դուրս գալ: Էլի եմ ասում՝ մենք Դամասկոս կամ Հալեպ չէինք գնում, մենք Քեսաբ էինք գնում, որը Պատմական Կիլիկիայի մի մաս է կազմում: Մենք պետական շահերին վնասելու չէինք գնում, գնում էինք կանգնեինք մեր հայրենակիցների կողքին»,- ասաց ազատամարտիկը:
Նրա խոսքով՝ իրենց մարտական ընկերներից երկուսն ապրիլի 4-ից արդեն Լաթաքիայում են.
«Նրանք եղել են Քեսաբի դիրքերում ու այնպես չի, որ մենք անպատրաստ էինք գնում: Մենք չէինք գնում Ասադին կողմնակից կամ Ասադին հակառակորդ: Մենք գնում ենք հայ ժողովրդին թիկունք լինելու»,- ասաց ազատամարտիկը:
Նրա խոսքով՝ եթե իրենց նորից արգելեն երկրից դուրս գալ, իրենք՝ Քեսաբ հասնելու համար այլ ճանապարհներ կգտնեն:
Ասուլիսի մյուս բանախոս, ազատամարտիկ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանն էլ նշեց, որ իրենք միշտ գնացել ու գնալու են բոլոր այն տեղերն, ուր հայը նեղության մեջ է.
«Գնալու ենք այնտեղ, ուր հայն ունի մեր օգնության կարիքը: Հիմա ուղղակի խնդրում եմ, թող մեզ չթելադրեն՝ ինչ անենք»,- ասաց ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին 5 ազատամարտիկ «Զվարթնոց» օդանավակայանից փորձել են մեկնել Լաթաքիա, սակայն նրանց առանց որևէ հստակ պատճառաբանության արգելել են դուրս գալ երկրի տարածքից: