23/04/2014 17:43
Լիտվայի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով այսօր մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը:
Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: