23/04/2014 10:38
Նախագահը մասնակցեց ԳԱԱ տարեկան զեկույցի ժողովին
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը տարեկան ընդհանուր ժողովում ներկայացրեց նախորդ տարվա Ակադեմիայի գիտական գործունեության հիմանական արդյունքները: Ժողովին ներկա է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեզ համար կարևոր էր այս տարին, քանի որ հոբելյանական էր՝ մեծ շուքով նշվեց Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակը: Հոբելյանական միջոցառումները պատշաճ անցկացնելու համար կազմվեց պետական հանձնաժողով երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Անձամբ մասնակցելով հոբելյանական միջոցառումներին՝ գիտության մի շարք նվիրյալներին պարգևատրելով պետական բարձր պարգևներով՝ ևս մեկ անգամ կարևորվեց Գիտությունների Ազգային ակադեմիայի դերակատարությունը Հայաստանի գիտական համակարգում: Շատ երկրների ակադեմիաների նախագահներ բարի նախանձով էին խոսում երկրի ղեկավարի՝ ակադեմիայի հանդեպ ցուցաբերող ուշադրության մասին»,- խոսքը սկսեց Ռ. Մարտիրոսյանը:
Շարունակելով խոսքը՝ Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ անցյալ տարի համակարգի գիտական ստորաբաժանումներում շարունակվել են հիմնարար և կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը, ինչի վկայությունն են, Ռ. Մարտիրոսյանի խոսքով, արտերկրում տպագրված աշխատանքները:
Նա կարևորեց նաև միջազգային գիտական համագործակցությունը. ՀՀ ԳԱԱ ինստիտուտները համագործակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և ԱՊՀ այլ երկրների ակադեմիաների հետ:
ԳԱԱ նախագահը փաստեց նաև, որ անցյալ տարվա ընթացքում արտասահմանյան երկրներ են գործուղվել ԳԱԱ 547 գիտաշխատող, այդ թվում՝ գիտական միջոցառումների մասնակցել է 284, համատեղ աշխատանքներ է կատարել 164, բանակցություններ վարել 99 գիտաշխատող: Ինչ վերաբերում Հայաստան եկած արտասահմանցի գիտնականներին, ապա ՀՀ է եկել 895 գիտնական:
«Տարվա ընթացքում էլեկտրոնային ցանցով տրամադրվել է մոտ 100 տեղեկատվություն եվրոպական և այլ միջազգային դրամաշնորհային ծրագրերի, հայտարարված մրցույթների»,- ասաց նա:
Անդրադառնալով Ակադեմիայի սոցիալական խնդիրներին՝ Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ սոցիալական դժվար լուծելի խնդիրներից է բնակարանային հարցը, որը, նրա խոսքով, ավելի ընդգծված է երիտասարդ գիտնականների համար. «Հանրապետության նախագահի աջակցությամբ կառուցվող 200 բնակարանանոց շենքի շինարարությունը պետք է ավարտվի այս տարի»:
Նշենք, որ 2014-ի հունվարի մեկի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված է 55 ակադեմիկոս, 58 թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ համակարգում աշխատում է 4077 մարդ, որից 2515-ը՝ գիտական աշխատող: