23/04/2014 15:04
Սերժ Սարգսյան. Սևանի ջրից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում
Սևանի հարցում պետք է շատ լուրջ լինել, կանցնի մի քանի տարի և քաղցրահամ ջուրը ավելի թանկ կլինի, քան` նավթը, ածխաջրածինները: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան զեկուցի ներկայացման ժամանակ Սևանա լճի հարցի մասին բարձրաձայնեց ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր ԳԱԱ տարեկան զեկույցի ժողովին:
«Սևանը ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և ռազմավարական օբյեկտ է, ժողովրդի գոյատևման օբյեկտն է, սակայն մենք ճիշտ չենք գնահատում Սևանի արժեքը ժողովրդի գոյատևման համար: Աշխարհում կատարվում են ուսումնասիրություններ, լուրջ քաղաքականություն է մշակվում քաղցրահամ խմելու ջրի վերաբերյալ»,- մասնավորապես ասաց ակադեմիկոսը:
Ռ. Ջրբաշյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է ավելի արդյունավետ դարձնել ոռոգման համակարգը, և լուծել այն խնդիրը, որ Հայաստանից ջուրը գնում է դեպի Ադրբեջան. «Երբ բաց են թողնվում Սևանի ջրերը, դրանցից միայն 20-30 տոկոսն է գնում մեր հողերի ոռոգմանը, մնացած ջուրը գնում է Նախիջևան»,- ասաց նա` առաջարկելով խնդիրը լուծել երկրի գիտական ներուժի ներգրավմամբ։
Ակադեմիկոսի անհանգստությանն արձագանքեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ եթե այսօրվա կառավարությունը ղեկավարվի միայն մարդկանց դուր եկող թեզիսներով, ապա առաջընթաց չի գրանցվի:
«Ես խնդրում եմ Սևանի մասին ոչ թե հուզական, այլ` մասնագիտական խոսք ասել: Սևանի ջրից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում»,- ընդգծեց Ս. Սարգսյանը:
Շարունակելով խոսքը` ՀՀ Նախագահն ասաց, որ Սևանի մասին ԱԺ-ն ընդունել է օրենք, որով նախատեսված է, թե ամեն տարի որքան ջուր պետք է բաց թողնվի, ինչի հիմնավորումները կատարել է Գիտությունների Ազգային ակադեմիան.
«Այդ հիմնավորումները նկատի ունենալով` Կառավարությունը, Ազգային ժողովը նախատեսել են ֆինանսական միջոցներ, ներդրումներ են արել ու այդ ծրագրով առաջ ենք գնում: Մենք այդ ծրագրից բավականաչափ առաջ ենք անցել: Եթե պրոբլեմներ են առաջացել, կապված բնակլիմայական պայմանների հետ, ի՞նչ եք առաջարկում, որ Արարատյան դաշտավայրը ջուր չունենա՞, բերք չունենանք, ինչ է ջուր չվերցնենք ավելցուկից: Ամեն ինչ պետք է օգտագործել խնայողաբար, այնպես, որ վնաս չհասցվի: Իհարկե, պետք է սերունդների մասին էլ մտածել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի մեր երկրի զարգացումն առանց վնաս հասցնելու»,- ասաց Սերժ Սարգսյանը: