23/04/2014 14:05
Տ. Վարդապետյան. Քեսաբի դեպքերը ցույց են տալիս՝ թուրքի վարքագիծը չի փոխվել
Հայոց ցեղասպանության թեման հնարավոր չէ փակված համարել, նույնիսկ դրա հարյուրամյակից հետո: Սա ոչ միայն հայ ժողովրդի, այլև՝ պատմության արդար դատն է ու այս գործընթացը պետք է հասցնել ավարտին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վիրահայերի միասնություն» հ/կ նախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն՝ ավելացնելով.
«Սա իր նախադեպը չունեցող ոճրագործություն է, քանի որ բացի Ցեղասպանություն գործելուց, թուրքերը նաև հայրենազրկեցին մեզ, մեր պատմական հայրենիքը այսօր զավթված վիճակում է: Ճիշտ կլինի, որ Թուրքիան ունենա այն կամքն ու արդարամտությունը, որ դատապարտի իր նախնիների ոճրագործություն»,- ասաց նա:
Միաժամանակ պատգամավորը նկատեց, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում որևէ դրական տեղաշարժ չկա.
«Քեսաբի վերջին դեպքերը գալիս են հաստատելու, որ այս տարիները չեն փոխել թուրքի վարքագիծը: Այն հնչեղությունն ու արդար աղմուկը, որ բարձրացվեց Քեսաբի դեպքերի համար, միջազգային հանրությանը համոզեցին՝ թուրք իշխանություններն իրենց վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ թողել են անփոփոխ»,- ասաց նա:
Տաճատ Վարդապետյանի խոսքով՝ այսօր և վաղը հիշատակի արարողություններ տեղի կունենան նաև Ջավախքում.
«Ախալքալաքում և Ախալցխայում կլինի ջահերով երթ և մոմավառություն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել տեղի եկեղեցում: