23/04/2014 13:57
Սերժ Թանկյանը և Ատոմ Էգոյանը բաց նամակ են ուղղել թուրք ժողովրդին
Աշխարհահռչակ երաժշիտ Սերժ Թանկյանը և ռեժիսոր Ատոմ Էգոյանը «Ակոս» շաբաթաթերում բաց նամակ են ուղղել թուրք ժողովրդին և կոչ արել դեռ առ դեմ կանգնել պատմության առջև: Նամակները ներկայացնում ենք որոշ կրճատումներով.
Թանկյանն իր նամակում թուրք ժողովրդին «ինքն իրեն գտնելու» կոչ է արել: Նամակում մասնավորեապես ասված է.
«Ես Լիբանանում ծնված նոր-զելանդացի ամերիկացի հայ եմ: Իմ տատիկ-պապիկները գալիս են այն շրջաններից, որն այսօր հայտնի է Թուրքիա անունով: Իմ Ստեփան պապը Կեսարիայի Էֆքերե գյուղից է, իսկ Վարսենիկ տատիկը` Թոկատից: Մյուս պապս ու տատս Դորթյոլից և Ուրֆայից են: Նրանցից ոչ մեկը իր կամքով չի հեռացել: Նրանք բոլորը սարսափազու Ցեղասպանության վերապրածներ են, Ցեղասպանություն, որն իրականացվել է Օսմանյան կայսրության վերջին օրերին իշխանության եկած իթթիհադականների կողմից:
Ստեփան պապս փրկվել և որոշ ժամանակ` նախքան Լիբանանում ապաստանելը, ապրել է ամերիկյան, հետո հունական որբանոցում: Տատիկներս կոտորածներից փրկվել են թուրք քաղաքապետի շնորհիվ, ով իր սեփական կյանքն է վտանգի տակ դրել` նման բան անելով:
Սրանք Թուրքիայի կամ այլ պետությունների արխիվներից վերցված պատմությունները չեն: Սրանք իմ ընտանիքի իրական պատմությունն է»,-գրել է երաժիշտ` նշելով, որ հայերը չեն ուզում ճնշում գործադրել Թուրքիայի վրա կամ ցեղային պառակտում մտցնել:
«Մենք պարզապես արդարություն ենք ուզում, այնպես, որ բոլորս կարողանանք առաջ անցնել այս պատմական ցավից, որը կաշկանդում է մեր հարաբերությունները։ Սա միայն հայոց պատմության մասին չէ, այլև Թուրքիայի: Արդյոք Էրդողանի կառավարությունը ճիշտ քայլի կդիմի՞ այս հարցում: Ես այդպես չեմ կարծում: Ոչ էլ զինվորական ատյանը, որը Թուրքիան կառավարել է նրա ժամանակակից պատմության ընթացքում:
Արդյոք գիտեք, որ ձեր կառավարությունն ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում այս ճշմարտությունը ժխտելու համար` օտար մայրաքաղաքներում տարբեր լոբբիստական ընկերություններ գործի դնելով, որպեսզի իրենց հարմար իրականություն ստեղծեն: Դուք գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում հայերիս համար, ի՞նչ ցավոտ փորձարկում է դա: Բավարար չէ՞, որ ես այդ ողբերգալի պատմության վերապրածների թոռ եմ: Արդյո՞ք ես ստիպված եմ արդարության հաստատման համար միջազգային հարթակներում պայքարել քարոզչության և կոռուպցիայի դեմ:
Եվ հայերը, և թուրքերն արժանի են ունենալ առաջնորդներ ու կառավարություններ, որոնք իսպակես հավասարապաշտ են, ժողովրդավար և ոչ կոռումպացված: Վերջում կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հիանալի մարդկանց, որոնց հանդիպել եմ Թուրքիայում և որոնք շրջագայությունների ժամանակ ու օնլայն ինձ հետ կիսվել են իրենց պատմություններով` ճշմարտության և արդարության վրա հիմնված մերձեցման հույս տալով»,-եզրափակել է Թանկյանը:
Ատոմ Էգոյանը իր նամակում նշել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը:
«Մենք երբեք խաղաղություն չենք ունենա առանց այն հրեշային ոճրի ճանաչման, որը շարունակվում է ժխտման և անտարբերության միջոցով: Մենք չպետք է հանգիստ մնանք: Մենք պարտավորվել ենք հիշելու, սակայն ոճիրը որպես թարմ վերք մնում է ճիշտ այն հողում, որտեղ այն կատարվել է:
Ես սարսափելի հոգնել եմ ձեր կառավարության ժխտողականությունից, իմ` շարժվելու անկարողությունից: Ձեր կառավարությունը շուրջ մեկ դար ձեզ ստիպել է ժխտել այդ հանցագործությունը: «Իրականությունը բացահայտելու» հանձնաժողովներ չեն լինելու, և մենք շահագրգիռ չենք տեսնելու ձեր բաց արխիվները: Մենք հազարավոր ականատեսների վկայություններ ունենք, տեսել ենք պատերազմում ձեր մեղսակիցների արխիվները և լսել ենք աշխարհի տարբեր երկրների ցեղասպանագետների և Հոլոքոստի գիտնականների իմաստուն խորհուրդները:
Այսօր, ես ձեզ պարզապես խնդրում եմ կատարեք ձեր գործը` հարցրեք ձեր կառավարությանը շարժառիթների մասին, և ոտքի կանգնեք այս մարտահրավերների առաջ»,-գրված է կանադահայ ռեժիսորի նամակում: