23/04/2014 11:36
Հրայր Թովմասյան. Մարդ կա, որ 400 հազար դրամի տուգանք ունի ու հպարտանում է
Ազգային ժողովում մեկնարկեցին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումները:
Մինչ լսումների մեկնարկը` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ զեկուցողներին պատգամավորները հարցեր տալ չեն կարող, քանի որ, ինչպես ասաց նա, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ զեկուցները սպառիչ պատասխաններ են ներկայացրել գրավոր հարցումներին:
Սա մեծ դժգոհություն առաջացրեց հատկապես ոչ իշխանական պատգամավորների մետ: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե եթե զեկուցողներին հարցեր չեն լինելու, ինչ իմաստ ունի լսումներ անցկացնելը. «Բա էլ ինչի՞ ենք հավաքվել»:
Ի պատասխան Կորյուն Նահապետյանն ասաց, որ երբ պատգամավորները ելույթ ունենա, դրան հաջորդիվ զեկուցողներն իրենց խոսքի ժամանակ կանդրադառնան նաև պատգամավորների դիտարկումներին:
Այսպես՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում վարորդական իրավունքից զրկելը տարածված է:
Այսօր կան մարդիկ, շարունակեց խոսքը Հ. Թովմասյանը, որոնք 400-500 հազար դրամի տուգանք ունեն, սակայն սնանկ են ճանաչվել, և պետությունն ի զորու չէ որևէ բան անել, իսկ այդ մարդն էլ կարող է հպարտանալ, որ այդքան տուգանք ունի, սակայն որևէ կերպ չի մուծելու:
«Մենք պետք է նման խնդիրներին լուծում տանք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նա ներկայացրեց նաև անցած տարիների վիճակագրությունը՝ հույս հայտնելով, որ կլինեն լուծումներ, որոնք կապահովեն բոլոր առումներով ճանապարհային կանոնների պահպանումը: